Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց պետք է, որ նիստերը կայանան, գործն արագ ավարտեն». Իշխան Բարսեղյանի փաստաբան

Փետրվար 15,2018 18:55

«Իշեմիկ հիվանդությունից հետո Իշխան Բարսեղյանը առողջական խնդիրներ ունի, մինչեւ նրա արյան ճնշման խնդիրը չկարգավորվի, ինսուլտի հավանականությունը շատ մեծ է»,- այսօր Շենգավիթում կաշառք պահանջելու ու ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հետաձգված նիստից հետո Aravot.am-ին ասաց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Ըստ նրա՝ Բարսեղյանը բժշկի նշանակումներից ելնելով է դատարանին խնդրել նիստերը հետաձգել 20-25 օրով, բայց փաստաբանը չի բացառում, որ իր պաշտպանյալի նկատմամբ բռնություն կիրառելով էլ նրան դատարան տանեն, միայն թե նիստերը կայանան:

Հիշեցնենք, որ դատարանը՝ ի պատասխան Բարսեղյանի խնդրանքի, նիստը հետաձգեց մեկ շաբաթով:

«Եթե շտապ օգնություն էլ հրավիրվում է ու իմ պաշտպանյալի մոտ արձանագրում է 120/220 արյան ճնշում, բժիշկն ասում է՝ լավ է, կարող է մասնակցել նիստին: Մարդ չի կարող լավ լինել, եթե նույնիսկ դեղորայքով տասնհինգ րոպե հետո իջեցնեն նրա ճնշումը: Մի բան ակնհայտ է՝դատարանի համար էական չէ Բարսեղյանի առողջական վիճակը, հետաքրքրիր էլ չէ, իրենց պետք է դատական նիստերը կայանան, արագ ավարտեն, թե բռնությամբ նրան դատարան կբերեն, թե ճնշումն ինչքան կլինի, ինսուլտ կտանի, թե չի տանի, կարեւորը միայն նիստի կայանալն է»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:

Նա դժգոհեց, որ այս գործով մեկ տարվա դատաքննության ընթացքում պաշտպանների կողմից ներկայացված միջնորդություններից ընդամենը մեկ միջնորդությունն է բավարարվել, այն էլ դատարանին ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ ժամանակ տրամադրելուն էր վերաբերում:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728