Գյումրու կենտրոնական հատվածներից դեպի Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ բնակիչների արտահոսքը շարունակվում է․ չկա մի օր, որ մի քանի միկրոավտոբուսներ չշարժվեն թատրոնի դիմացից կամ Շառլ Ազնավուրի հրապարակից։
Չկա նաև ռուսական այնպիսի քաղաք, որտեղ Գյումրիից մեկնող միկրոավտոբուս չլինի։ Տեղական ԶԼՄ-ների հայտարարություններով, երբեմն, այնպիսի տեղանքների անվանումներ են հնչում, որոնց մասին շարքային քաղաքացիները միգուցե և առաջին անգամն են լսում։ ՌԴ-ում հիմնականում հայ շինարարների, մատնահարդարների ու վարսահարդարների պահանջարկ կա։
Իսկ ի՞նչ մասնագիտությունների պահանջարկ կա հենց Գյումրիում, որը քիչ, թե շատ կկարողանա հետ պահել գյումրեցիներին արտագաղթից կամ միգուցե «խոպանից»։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պաշտոնական էջում տեղադրված «Թափուր աշխատատեղեր» բաժինը ուսումնասիրելիս տեսնում ես, որ ամենապահանջվածը հավաքարարի, խոհանոցի աշխատողի, մատուցող-մատուցողուհիների, վաճառողի, վաճառող-խորհրդատուի աշխատանքն է։
Մատուցող-մատուցողուհիներին 9․00-18․00 աշխատաժամերի դիմաց առաջարկվող գումարը 73 հազարից մինչև 80 հազար դրամ է, սակայն մի այնպիսի պայման է առաջադրված, որ դժվար թե աշխատանքի մեծ կարիք ունեցող անձինք կարողանան բավարարել գործատուի պահանջը կամ ցանկությունը։ Մատուցող-մատուցողուհիների 7 թափուր աշխատատեղերի համար տրված հայտարարության մեջ նշված է՝ «անգլերենի իմացությունը ցանկալի է»։ Մի գործատու էլ մատուցողի ու հավաքարարի աշխատանքի դիմաց առաջարկում է 77 հազար 904 դրամ աշխատավարձ։
Վաճառող-վաճառողուհիներից էլ, որոնց առաջարկվում է 55-80 հազար դրամ 9․30-19․00-ն կամ 10․00-19․30 աշխատաժամերի դիմաց, դարձյալ օտար լեզվի իմացություն է պահանջվում, ընդ որում գերազանց։ Օրինակ՝ գործատուներից մեկը 55 հազար դրամ է նախատեսել ռուսերենի գերազանց իմացության վաճառողուհու համար 10․00-18․00 աշխատաժամի դիմաց։ Մեկ այլ գործատու էլ 9 ժամյա աշխատանքի համար՝ 50 հազար դրամ։ Գործատուներ էլ կան, որոնք փնտրում են 30 հազար դրամով, առավոտից մինչև ուշ երեկո աշխատող հավաքարարների։ Կան նաև արհեստավորների՝ դերձակների, խառատների պահանջարկ, դարձյալ ոչ բարձր աշխատավարձով։
Համեմատաբար բարձր աշխատավարձ խոստանում են աշխատաշուկա մտած մի նոր մասնագիտությամբ զբաղվող անձանց՝ «վարկեր հավաքագրող մասնագետի»՝ 9․00-18․00 աշխատաժամերի համար առաջարկելով 120 հազար դրամ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ