ԱՄՆ Ազգային հետախուզության օրերս հրապարակած «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» վերնագրով զեկույցը, որտեղ խոսվում է 2018-ին արցախյան ճակատում ռազմական էսկալացիայի հավանականության մասին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը չի համարում «կանաչ լույս» Ադրբեջանի համար`ռազմական գործողություններ վերսկսելու առումով: Ասում է`Ադրբեջանում լավ հասկացան 2016-ի ապրիլյան դասը:
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակ Թորոսյանը նկատեց`զեկույցը ՌԴ-ի դեմ է ավելի շատ, քան նպատակ ունի Հայաստանին կամ Ադրբեջանին ինչ-որ բան ասելու, քանի որ հստակ նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է կողմերին զենք վաճառել: Շիրակ Թորոսյանի համար մի բան է անհասկանալի. ինչո՞ւ է զեկույցում ԱՄՆ-ն «վրիպել» եւ չի նշել իր բարեկամ Իսրայելին, որը Ադրբեջանին զենք վաճառող երկրների առաջատարների ցանկում է:
ԱՄՆ կառավարությունը նաեւ զգուշացրել է ՀՀ կառավարությանը` եթե Հայաստանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ գործարքներ կնքի, կհայտնվի պատժամիջոցների թիրախում: Այդ դեպքում, ստացվում է, որ Հայաստանը ստիպված կլինի այլ երկրներից զենք գնել`ավելի թանկ գներով, քանի որ ԵԱՏՄ մաքսային օրենքներով 2022թ-ից հետո այդ միության մեջ չմտնող երկրներից զենք գնելու դեպքում անդամ-երկրները պետք է 20%-ով ավելի մաքսատուրք վճարեն:
Շիրակ Թորոսյանին մխիթարում է այն, որ եթե ԱՄՆ-ը որոշի նման տեսանկյունից պատժամիջոցներ կիրառել, ապա դրանք ավելի շատ կվերաբերվեն այն երկրներին, որոնք ավելի մեծ ծավալների զենք են գնում ՌԴ-ից եւ դրա համար մի քանի անգամ ավել գումարներ են տրամադրում: Նա, այդ թվում, նկատի ունի նաեւ Ադրբեջանին:
Բայց. «Ես գոնե առայժմ այստեղ պատժամիջոցների վտանգ չեմ տեսնում: ԱՄՆ-ը նաեւ քաջ գիտակցում է, որ Արցախում մենք գոյության խնդիր ենք լուծում`դիմագրավելով Ադրբեջանին, նաեւ ՌԴ-ի հետ համագործակցաբար զենք ձեռք բերելով: Իսկ Հայաստանը ՌԴ-ից զենք է ձեռք բերում արտոնյալ պայմաններով: Չեմ կարծում, թե տարածաշրջանում ԱՄՆ-ը կգնա նման խտրական քայլի, որովհետեւ Հայաստանը, հատկապես ԱՄՆ-ի համար, որեւէ ռազմավարական խնդիր չի ստեղծել, չի ստեղծի եւ վտանգ չի ներկայացնում»:
Շիրակ Թորոսյանը չի կիսում դիտարկումը, որ Հայաստանն արդեն որերորդ անգամ ՌԴ-ի պատճառով հայտնվում է պատժամիջոցների ազդեցության կամ դրանց սպառնալիքների տակ`կամաց-կամաց իզգոյ երկրի վերածվելով:
«Գնահատականը խիստ է: Իզգոյի մասին խոսք լինել չի կարող: Հայաստանը շատ հստակ արտաքին քաղաքականություն է վարում: Շատ լուրջ ձեռքբերումներ ունի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այսօր արդեն ԱՄՆ-ում քննարկվում է կրկնակի հարկումը բացառելու նոր համաձայնագրի ստորագրման հարցը: Այդ առումով, մենք աշխարհում որեւէ խնդիր չունենք`մեկուսացման եւ իզգոյի հետ կապված: Իհարկե, կա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակումը, բայց դա այն չէ, ինչ դուք եք ասում»,- պատասխանեց Շիրակ Թորոսյանը`հավելելով`հնարավոր է ՌԴ-ի պատժամիջոցների հետ կապված անուղղակի որոշակի վնասներ կրում ենք, բայց ԵԱՏՄ շուկայում մեր արտոնություններով կարողանում ենք փոխհատուցել դրանք`մեծացնելով ապրանքաշրջանառությունը եւ առեւտրաշրջանառությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ