Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը խախտել է Սահմանադրությունն ու «Քաղաքացիության մասին» օրենքը. sut.am

Փետրվար 15,2018 18:07

Ինչպես հայտնել էինք, Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածուի հավակնորդ Արմեն Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Նա կնոջ՝ Նունե Սարգսյանի և որդիներ՝ Վարդան և Հայկ Սարգսյանների հետ գրանցված է եղել Լոնդոնի Վեսթմինսթեր թաղամասում: Սա հաստատել է նաև ինքը Սարգսյանը՝ նշելով, որ բրիտանական քաղաքացիություն իրեն անհրաժեշտ էր գործնական ճանապարհորդությունների համար։

Մեզ հետ զրույցում, Արմեն Սարգսյանի գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Պետրոսյանը հայտնեց, որ նախագահի թեկնածուն 2002-2011թթ․ ընթացքում ունեցել է երկքաղաքացիություն․  նա հանդիսացել է և ՛ Հայաստանի, և ՛ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Նկատենք, սակայն, որ 1995 թվականի նոյեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունած «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի: Նույնը նաև հստակ արգելում էր 1995 թվականի Սահմանադրության 14-րդ հոդվածը:

Սահմանադրությունից այդ արգելքը հանվել է 2005 թվականի փոփոխություններով, իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքից արգելքը հանվել է միայն 2007 թվականին։ Այլ կերպ ասած, մինչև 2007 թվականի մարտի 24-ը Հայաստանի քաղաքացիներին արգելվել է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:

Այսինքն, Արմեն Սարգսյանը խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանադրությունը՝ ապօրինաբար 5 տարի շարունակ (2002-2007 թթ) միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Հավելենք նաև, որ Արմեն Սարգսյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը և 2013 թվականին դեսպանի պաշտոնը ստանձնելիս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացնել, ինչի մասին բարձրաձայնել են մի շարք հասարակական կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող (2015թ.) Սահմանադրության 123-րդ հոդվածով Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Ռաֆայել Աֆրիկյան

sut.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728