Կաշառք պահանջելու եւ ստանալու համար մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը վատառողջ է: Նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից գրություն էր ուղարկել Շենգավիթի դատարանին՝ տեղեկացնելով, որ վատառողջ լինելու պատճառով ի վիճակի չէ մասնակցել իր վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստին եւ խնդրել նիստը հետաձգել 20-25 օրով՝ մինչեւ բուժման կուրսի ավարտը:
Մեղադրող դատախազն առարկեց՝ նշելով, որ նիստը պետք է հետաձգվի մեկ շաբաթով եւ հարկավոր է պարզել, թե ինչքան է տեւելու Բարսեղյանի բուժման կուրսը: Դատարանը դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ