Զորակոչիկ Մ. Հ.-ն «Կեռատոկոնուս» ախտորոշմամբ 2017 թ․-ի հունվարի 26-ին ստացել է տարկետում 5 ամիս ժամանակով՝ բուժման նպատակով, որն այդ ամիսների ընթացքում չի իրականացվել: Առանց որեւէ բուժում ստանալու, ինչպես նաեւ տեսողության սրացման վատացմամբ՝ հաջորդ զորակոչին՝ 2017 թ. հունիսի 14-ին, զորակոչիկը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով, որի հետ համաձայն չի եղել: Զորակոչիկի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը թերություններ է գտել իրականացված հետազոտություններում եւ դրանց արդյունքում տրված եզրակացություններում:
Հետեւաբար՝ Մ. Հ.-ն հրաժարվել է զորակոչվելուց, որի հետևանքով հարուցված քրեական գործի շրջանակներում 01.11.2017 թ․-ին նշանակվել է դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն: Համաձայն այդ փորձաքննության՝ Մ. Հ.-ի առողջական վիճակի հետազոտությունների ընթացքում տեղ են գտել որոշակի տարբերություններ ստացիոնարներում կայացված ախտորոշումների միջեւ, մասնավորապես՝ հետազոտություն իրականացրած բժշկական մի հաստատության կողմից տրված տեսողական խնդրի աստիճանը էապես տարբերվել է մյուս բժշկական հաստատությունում իրականացված հետազոտության տվյալներից, որը դատաբժշկական փորձաքննության գնահատմամբ կարող է պայմանավորված լինել սուբյեկտիվ գործոններով (կիրառվող տարբեր գործիքային հետազոտությունները): Մ. Հ.-ի առողջական վիճակի հետազոտության տվյալների հիման վրա փորձագետները եզրակացրել են, որ զորակոչիկը կարիք ունի տարկետման՝ դիտարկման նպատակով՝ ԿԲՀ-ում հետագա փորձաքննություններով: 31.01.2018 թ․-ին զորակոչիկը կրկին ներկայացվել է ԿԲՀ նիստին, որի արդյունքում այս անգամ նրան տրվել է տարկետում 5 ամիս ժամկետով՝ բուժման նպատակով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ