ՄԱՀՀ-Ի փորձագետ Արմեն Վարդանյանը` ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին
– Համաձայն ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի օրերս հրապարակած «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» հաշվետվության, չի բացառվում, որ 2018-ին արցախյան հակամարտության գոտում նոր ռազմական գործողություններ ծավալվեն: Որ ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել`գաղտնիք կամ անակնկալ չէ եւ ոչ մեկի համար: Բայց ԱՄՆ-ի կողմից այս փաստի ամրագրում-հրապարակումն ինչպե՞ս եք գնահատում, ինչ ազդեցություն կարող է այն ունենալ` նոր էսկալացիայի հնարավորությունների առումով:
– ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը առաջին անգամ չէ, որ նման զեկույց է ներկայացնում Սենատին: Նմանատիպ զեկույցներ ամեն տարի ներկայացվում են ԱՄՆ Սենատում: Սակայն դա չի նշանակում, որ անպայման պատերազմ է լինելու Արցախում: Դա նշանակում է, որ, հաշվի առնելով որոշ գործոններ, մեծ է պատերազմի վերսկսման հավանականությունը: Տվյալ դեպքում, նման կանխատեսման հիմք է տալիս, ինչպես նշված է փաստաթղթում` «երկու կողմերի փոխզիջումների չգնալը, ներքին ճնշումների ուժգնացումը, Ադրբեջանի ռազմական ուժի կայուն արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր սպառազինությունների ձեռքբերումը»: 2017 թ.-ի զեկույցում էլ մեծ էր համարվում պատերազմի վերսկսման հավանականությունը, բայց կյանքը ցույց տվեց, որ անցած տարի Արցախում լայնամասշտաբ պատերազմական գործողություններ տեղի չունեցան: Այնպես, որ մենք մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի դեռ այդ հակամարտությունը չի լուծվել:
– ԱՄՆ կառավարությունը զգուշացրել է, որ եթե Հայաստանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ գործարքներ կնքի, Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների թիրախում: Սա ինչպե՞ս եք մեկնաբանում: Հայաստանը պարտադրվա՞ծ է լինելու իր հայտարարած «եւ-եւ»-ի քաղաքականությունը վերանայել:
– Սա առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով տուժում է նաև Հայաստանը: Եթե նախկինում այդ պատժամիջոցների հետևանքով վնասներ էին կրում Հայաստանում գործող ռուսական այն ձեռնարկությունների մասնաճյուղերը, որոնք հայտնվել էին պատժամիջոցների ներքո, ապա այժմ Հայաստանը կտուժվի նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով: Այժմ Հայաստանը պետք է կամ զարտուղի ճանապարհներով զենք ձեռք բերի Ռուսաստանից կամ էլ փորձի զենքի գնման այլընտրանքային աղբյուրներ գտնել: Սակայն, այս դեպքում, եթե մենք զենք գնենք ոչ ԵԱՏՄ անդամ երկրից, ապա մենք ստիպված կլինենք ավելի թանկ վճարել, քանի որ ԵԱՏՄ մաքսային օրենքներով 2022թ-ից հետո այդ միության մեջ չմտնող երկրներից զենք գնելու դեպքում անդամ-երկրները պետք է 20%-ով ավելի մաքսատուրք վճարեն: Ըստ ԵԱՏՄ պայմանագրի նորմերից մեկի՝ նախատեսվում է, որ Հայաստանը մինչև 2022թ. կազատվի ռազմական նշանակության արտադրանքի մաքսազերծումից, բայց դրանից հետո պետք է 20%-ով ավելի մաքսատուրք վճարենք։
– Եկող տարի ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության համար գումարներ չի տրամադրի: Հայաստանին կտրամադրվի 4 մլն դոլարի օգնություն, որից 3,24 մլն դոլարը կլինի տնտեսական նպատակների համար: Սա ինչպե՞ս հասկանալ: Ի՞նչ են ուզում սրանով հասկացնել մեզ`ԱՄՆ-ից:
– Պետք է ասել, որ Թրամփի վարչակազմը ամբողջ աշխարհում է կրճատում ամերիկյան օգնության ծավալները: Այնպես որ` չի կարելի ասել, որ դա միայն Հայաստանի դեմ է ուղղված: Նույնիսկ Ուկրաինային և Վրաստանին, որոնք մշտապես մեծ օգնություն են ստացել ԱՄՆ-ից, տրվող ֆինանսական օգնությունն է վերջին տարիներին նվազել: Ամերիկյան պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք Հայաստանի հետ հարաբերություններում փորձում են ֆինանսական հատկացումներից անցնել դեպի տնտեսության մեջ ավելի շատ ներդրումներ իրականացնելուն: Օրինակ` նախորդ տարի հայտարարվեց, որ ամերիկյան ընկերությունները կարող են մինչև 8 մլրդ դոլար ներդնել Հայաստանի էներգետիկ ոլորտում, ամերիկյան «Կոնտուր գլոբալ»-ը ներդրումներ է կատարում «Որոտանի ՀԷԿ-երի համալիրում» և այլն: Այնուամենայնիվ, հուսանք Կոնգրեսը կմերժի Թրամփի վարչակազմի այս առաջարկը, և գալիք տարիներին Հայաստանը գոնե 20 մլն դոլարի սահմաններում ֆինանսական աջակցություն կստանա ԱՄՆ-ից, քանի որ այլ երկրներին հատկացվող ֆինանսական օգնության չափը վերջնականապես հաստատում է Կոնգրեսը:
– Պատժամիջոցների մասին ակնարկը, բյուջեի կրճատումը, ռազմական բյուջեի առհասարակ փակումը, կարո՞ղ են հայ-ամերիկյան հարաբերությունները փակուղի մղելու վտանգ առաջացնեն:
– Պետք է մի բան փաստել` այսօր Հայաստանը ԱՄՆ-ի համար ռազմավարական մեծ նշանակություն չունի: Հայաստանը ընդամենը ԱՄՆ-ի համար լավ բարեկամ է: Նույնիսկ Թուրքիան, որը վերջին տարիներին շատ հարցերում հակադրվում և նույնիսկ սպառնում է ԱՄՆ-ին, շարունակում է մնալ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը. այդ մասին բազմիցս հայտարարել են Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները: Երբ որ մենք համեմատվում ենք նույնիսկ Հարավային Կովկասի մյուս երկրների` Վրաստանի և Ադրբեջանի հետ, ապա այստեղ ևս անշահեկան վիճակում ենք: ԱՄՆ նախագահ Թրամփը անցած տարի Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում ընդունեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, փոխնախագահ Փենսը ժամանեց Վրաստան, Պետքարտուղար Թիլերսոնը Ստամբուլում հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, իսկ Հայաստանի նախագահը հանդիպեց միայն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալին: Մինչդեռ կար ժամանակ, երբ Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ էր համարվում, մեր երկրի նախագահին Սպիտակ տանը ընդունում էր ԱՄՆ նախագահը: Եթե մենք ուզում ենք բարձրացնենք մեր կշիռը ԱՄՆ-ի մոտ, ապա պետք է լուրջ գործոն դառնանք տարածաշրջանում:
Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ