Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆրանսիայում կառավարության նիստերը դռնփակ են, բայց նիստին անմիջապես հաջորդում է մամուլի ասուլիս». Ալեն Գույըմոլ

Փետրվար 15,2018 16:54

Սորբոնի համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի բաժնի դասախոս, ֆրանսիական www.la-croix.com («Խաչ») կայքի տնտեսական բաժնի մեկնաբան Ալեն Գույըմոլը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ Ֆրանսիայում, ինչպես Հայաստանում, լրատվամիջոցները մի շարք մարտահրավերների են դիմակայում, հատկապես՝ տնտեսական բնույթի:

Ալեն Գույըմոլը Հայաստան է այցելել «Կարճատև խմբագրություն Հայաստանում» վերապատրաստման ծրագրի շրջանակում: Նրա հետ ԵՊՀ ժուռալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել են Սորբոնի համալսարանի 5 պրոֆեսորներ ու ժուռնալիստիկայի ֆակուլտետի 29 ուսանողներ:

Ֆրանսիացի լրագրողը մտահոգված է՝ սոցիալական ցանցերը լուրջ մարտահրավեր են նետում լրատվամիջոցներին: Նա մանրամասնեց. «Լրատվամիջոցները, մեծ ջանքեր ներդնելով, փորձում են լսարան ու վարկանիշ ձեռք բերել, մինչդեռ մարդիկ սովոր են սոցցանցերից անվճար տեղեկատվություն ստանալ: Խնդիրն այն է, որ այսօր լրատվամիջոցները չունեն մեծ ծավալի ֆինանսական միջոցներ, որպեսզի իրենց լրագրողներին գործուղեն, օրինակ, Իրաք կամ այլ թեժ կետեր, կամ այլ ներդրումներ կատարել ավելի որակյալ տեղեկատվություն ստանալու համար: Իսկ անվճար տեղեկատվություն ստանալուն սովոր լսարանին դժվար է համոզել, որ եթե ուզում են որակյալ տեղեկություն ստանալ, ստիպված են վճարել: Ֆրանսիայում էլ լրատվամիջոցների հիմնական եկամուտների աղբյուրը գովազդն է»: Ըստ ֆրանսիացի լրագրողի՝ այս ոլորտում խոչընդոտներ կան: Ըստ նրա՝ մեծ ընկերությունները, օրինակ՝ Ֆեյսբուքն ու Գուգլը, զավթում են գովազդային շուկայի ներդրումների մեծ մասը, ուստի լրատվամիջոցներին այդ ներդրումներից քիչ բաժին է հասնում:

Հետաքրքրվեցինք՝ Ֆեյսբուքի՝ իր լրահոսում մեդիա բովանդակության կրճատումն ի՞նչ բացասական ազդեցություն է թողել իրենց լրատվամիջոցի աշխատանքում, պարոն Գույըմոլը պատասխանեց.  «Դեռ նոր է, ազդեցությունն այնքան էլ տեսանելի չէ: Բայց մեր խմբագրությունում առանձնապես մտահոգված չեն այդ նոր ալգորիթմի ներդրմամբ, չենք մտածում այդ բացասական ազդեցության մասին, քանի որ հուսով ենք, որ մեր հավատարիմ ընթերցողները, եթե ցանկանան մեր նորություններին հետևել, անկախ ամեն ինչից կգտնեն մեզ: Մենք փորձում ենք անմիջական կապ պահպանել ընթերցողների հետ»:

Ալեն Գույըմոլից նաև հետաքրքրվեցինք՝ Ֆրանսիայում կառավարության նիստերը դռնփա՞կ են: Ֆրանսիացի լրագրողը տեղեկացրեց, որ իրենց երկրում կառավարության նիստերը դռնփակ են անցնում, սակայն նիստից անմիջապես հետո նախարարները հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որի ընթացքում լրագրողներն իրենց հուզող հարցերն են բարձրացնում: Այս առիթով պարոն Գույըմոլն ասաց. «Չեմ կարող ասել կառավարության նիստերի՝ դռնփակ լինելը լա՞վ է, թե՞ վատ Հայաստանի համար, սակայն մեզ մոտ կառավարության նիստերն անցկացվում են փակ դռների հետևում: Կառավարությունը մի թիմ է, որը ղեկավարում է երկիրը, և պետք է կոմպրոմիս գտնեն, քննարկման ժամանակ ընդհանուր հայտարարի գան: Այնպես որ, հասկանալի է, որ քննարկման որոշ հատված ենթակա չէ լուսաբանման: Իմ կարծիքով, եթե քննարկումների բոլոր հատվածները տեղի ունենան լրագրողների աչքի առաջ, ապա իրական որոշումները կկայացվեն այլ տեղ՝ քննարկումից առաջ, և կառավարությունը նիստի ընթացքում ուղղակի շոու կխաղա»:

Միևնույն ժամանակ ֆրանսիացի լրագրողը վստահեցրեց՝ իրենց համար կարևոր է կառավարության աշխատանքի թափանցիկությունը, հասարակության առաջ հաշվետվողականությունը, ինչն ապահովվում է կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսների միջոցով:  Ալեն Գույըմոլը շեշտեց. «Կառավարությունն  ու նախարարները պարտավոր են  յուրաքանչյուր կայացված որոշման համար պատասխան և մեկնաբանություն տալ: Եվ պետք է նրանք լրագրողներին հանդիպեն անմիջապես որոշումների կայացումից հետո և լրագրողներին տան հնարավորություն հարցեր հղել և քննարկել յուրաքանչյուր որոշում»:

Զրույցի ավարտին ֆրանսիացի լրագրողը կարծիք հայտնեց՝ կառավարության աշխատանքի լիովին թափանցիկություն ապահովել հնարավորություն չէ: Նա կառավարության աշխատանքը համեմատեց օրինակ, Apple ընկերության աշխատանքի հետ և վստահեցրեց, թե չի կարծում՝ այդ ընկերությունը պատրաստ է իր խորհրդի նիստերի քննարկումները լիովին բաց կազմակերպել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728