ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բժշկական կենտրոնի բուժքույրերի սենյակից կատարված գողության հանգամանքները:
2017թ. նոյեմբերի 14-ին երկու քաղաքացուց հաղորդումներ են ստացվել առ այն, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ից 13:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևանի բժշկական կենտրոններից մեկի բուժքույրերի համար նախատեսված սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, հափշտակել է իրենց դրամապանակները: Դրամապանակներից մեկի մեջ եղել են արծաթյա զարդեր, անձնագիր, սոցիալական քարտ, բանկային քարտեր, իսկ մյուս դրամապանակի մեջ՝սոցիալական քարտ, բանկային քարտեր: Նույն օրը գողացված բանկային քարտերից մեկով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ՝ նրա մոտ բժշկական կենտրոնից գողացված բանկային քարտը հայտնվելու հանգամանքները պարզելու համար։
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀՀ քննչական կոմիտե