«Նուբարաշեն» ՔՀԿ-ի կոյուղագիծը, որի երկարությունը 120 մետր է, արդեն կառուցվել է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը: Նա տեղեկացրեց՝ տարածքն իրենք չեն սպասարկում, բայց պատրաստակամություն են հայտնել օգնելու. «Մենք պատասխանատվություն չենք կրում, պարզապես մենք ունենք ցանց, որին պետք է միանա ՔԿՀ-ի կոյուղագիծը, որպեսզի կարողանանք կոյուղաջրերը հեռացնել-մաքրել… բայց ՔԿՀ-ն, ինչպես հայտնի է, կոյուղագիծ չունի: Երեկվանից մեր տարածքային մասնագետները տեղում էին: Կարծում եմ՝ վաղն ավարտած կլինենք նաեւ հարակից աշխատանքները, որպեսզի այդ 120 մետրանոց կոյուղագիծը միանա մեր ցանցին»:
Խնդրի ամբողջական լուծման առնչությամբ Մուրադ Սարգսյանը մանրամասներ չհայտնեց, որովհետեւ տարածքը ՔԿՀ-ին է պատկանում: «Մենք օգնում ենք՝ որպես բարի կամքի դրսեւորում: Խողովակները գնել եւ տրամադրել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Հայտնի է, որ տարիներ շարունակ այդտեղ հակասանիտարական վիճակ է եղել, որովհետեւ ՔԿՀ-ից կոյուղաջրերն առվի տեսքով դուրս են եկել ու կուտակվել տարածքում»,-եզրափակեց Մուրադ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՔԿՀ-ի հարակից շենքերի բնակիչները տարիներ շարունակ բողոքել են գարշահոտությունից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ