«Առավոտ» – ի հարգելի խմբագրություն
2018 թվականի փետրվարի 10-ին ձեր կայքում հրապարակվել է Զարինե Գրիգորյանի հեղինակած «Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի թիվ 1-ին միջնակարգ դպրոցի ծնող» վերտառությամբ հոդվածը: Սույն հոդվածում տեղ են գտել բազմաթիվ հերյուրանքներ: Ակնհայտ է, որ նյութի հիմքում ընկած է չստուգված տեղեկատվություն, որը որևէ աղերս չունի իրականության հետ:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ոսկանյանը երեսուներեք տարի է՝ դասավանդում է հայոց լեզու և գրականություն, խստապահանջ ուսուցչուհի է: Անահիտ Ոսկանյանին ճանաչողները կհաստատեն, որ աշակերտներին ֆիզիկական բռնության ենթարկելը նրա աշխատաոճը չէ: Դասավանդումից բացի նա միշտ եղել է դասղեկ, սիրված իր աշակերտների կողմից: Նրա աշակերտներից շատերն իրենց ներդրումն ունեն մեր պետության մեջ, իրենց գործին նվիրված մասնագետներ են, շատերն էլ այսօր սովորում են տարբեր բուհերում: Ուսումնական տարվա ընթացքում ուսուցչուհին կազմակերպում է դպրոցական և արտադպրոցական բազմաթիվ միջոցառումներ, իսկ հոդվածի մեջ բերված այն տեղեկությունը, որ նա տարբերակված մոտեցում ունի աշակերտների հանդեպ, պահանջում է հաճախել մասնավոր դասերի, զավեշտի աստիճանի զրպարտություն է, քանի որ Անահիտ Ոսկանյանը աշակերտների հետ մասնավոր պարապմունքներ անց չի կացնում:
Նելլի Մելքումյանը տասնութ տարի պատմություն է դասավանդում, տարակարգ ունեցող ուսուցչուհի է, դասավանդման նոր մեթոդներով անցկացվող բազմաթիվ դասերի հեղինակ է: Նրա աշակերտներից շատերը մասնակցել են և հաղթող ճանաչվել Հայոց պատմություն առարկայից անցկացվող օլիմպիադաներում: Ուսուցչուհին հեղինակ է մանկավարժական մի շարք հոդվածների: Նա չունի «սիրելիներ». սիրում է դասերին իրենց հնարավորությունների չափով լավ պատրաստվող, պարտաճանաչ աշակերտներին և միշտ անաչառ է գնահատում: Այն, որ Նելլի Մելքումյանը իբրև թե հարվածել է աշակերտի, զրպարտություն է:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Վիկտորյա Հայրապետյանը ինը տարի է՝ մաթեմատիկա է դասավանդում, և նվաճել է երեխաների սերը: Ուսուցչուհին աշակերտների հետ կիսում է վերջիններիս ձեռք բերած հաջողությունների, նվաճումների բերկրանքը: Վիկտորյա Հայրապետյանի կողմից աշակերտին ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելը ևս զրպարտություն է:
Եթե տիկին Զարինե Գրիգորյանը գոնե մեկ օրով գար Քաջարան և անձամբ շփվեր աշակերտների հետ, ապա ինքն էլ կպատկերացներ, թե որքան հեռու է իր հոդվածի բովանդակությունը իրականությունից:
Ի գիտություն խմբագրությանը՝ հայտնում ենք, որ ՀՀ-ում Սյունիքի մարզը առաջատար է կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումներով: Ամեն տարի մեր շրջանավարտների մեծ մասը ընդունվում է բուհեր, իսկ Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցից մեծ թիվ են կազմում անվճար հիմունքներով բուհ ընդունված աշակերտները: Մեր աշակերտները մասնակցում են նաև միջազգային տարբեր ծրագրերի ու մրցույթների, նվաճում մրցանակներ: Այդ ամենի հիմքում ընկած է մանկավարժների ամենօրյա, քրտնաջան աշխատանքը: Մենք չէինք ունենա երկրի համար պիտանի մարդիկ, եթե չլինեին իրենց գործին նվիրված, բարեխիղճ մանկավարժներ, ովքեր միմիայն հարգանքի են արժանի:
Առհասարակ, լրագրողական որևէ նյութ գրելիս խիստ կարևոր է կատարել համապատասխան ճշգրտումներ, բազմակողմանի ուսումանասիրել խնդիրը և չհիմնվել չստուգված, անհիմն տեղեկատվության վրա: Վստահեցնում ենք, որ եթե տիկին Գրիգորյանը մեր դպրոցի մասին նյութ գրելու ժամանակ վարվեր այդպես, ապա ինքն էլ կհամոզվեր, որ իրեն հասած տեղեկությունները չեն համապատասխանում այն ամենին, ինչ ներկայացված է հոդվածում:
Խնդրում ենք հրապարակել այս հերքումը, քանի որ վերոնշյալ հոդվածը ապատեղեկատվություն է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի մասին, և մենք խիստ կարևորում ենք հանրությանը ներկայացնել անաչառ տեղեկատվություն, քանի որ տուժել է հարգված մանկավարժների բարի համբավը, ինչպես նաև Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի վարկանիշը:
Հարգանքով՝ Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցի ծնողական խորհուրդ