Նախկինում Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը, որը հավասարազոր է քաղաքապետի պաշտոնին, զբաղեցրած տնտեսագետ Վահագն Խաչատրյանն օրերս ավագանու նիստում գրանցված միջադեպը «խայտառակություն» է որակում:
«Իսկ որեւէ արգելանք կա՞, թե ինչ կարելի է, եւ ինչ չի կարելի բերել ավագանու նիստին»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով «Երկիր Ծիրանիի»՝ կոյուղաջուրն ավագանու նիստերի դահլիճ բերելու փաստը՝ հարցրեց Վահագն Խաչատրյանը: «Այդպես են որոշել հարցը լուծել: Մարդիկ լավ կյանքից չէ, որ նման քայլի դիմեցին: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անգամ են նուբարաշենցիներն այդ խնդրով դիմել պատկան մարմիններին, բայց խնդիրը չի լուծվել: Արատավոր փորձը կա, բոլորս էլ գիտենք, թե ինչպես են հարցեր լուծվում»,-նկատեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ավագանու ՀՀԿ-ական անդամները քաշքշել են ԵԾ-ի անդամ Մարինա Խաչատրյանին, մեր զրուցակիցը կատարվածն անընդունելի է համարում: «Բայց այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այն մարդիկ, որոնք իրենց ավագանի են համարում, երեւանցիների ձայնի շնորհիվ չեն դարձել ավագանու անգամ: Նրանք ուրիշ վայրում պետք է լինեին, նրանք ունակ չեն խոսքով հարց լուծել, դրա համար այլ ձեւերով են լուծում»,-ընդգծում է Վահագն Խաչատրյանն ու հավելում,-«խորհրդարանն էլ պակասը չի… նման միջադեպերը հանգեցնում են ժողովրդավարության եւ պետության վարկանիշի անկմանը»:
Վահագն Խաչատրյանն ավագանու բոլոր անդամներին կոչ է անում ուսումնասիրել, թե ինչ է նշանակում ժողովրդավարություն. «Հատկապես նրանք թող ուսումնասիրեն, որոնք «մտածում» են Երեւանի եւ երկրի մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ