Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը օրերս Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի միայն տեսանյութն է դիտել, եւ միայն տեսանյութի հիման վրա, ինչպես ինքն ասաց, չի կարող գնահատական տալ: Այս մասին Մարտիրոսյանն ասաց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ամեն դեպքում տգեղ միջադեպ է եղել: Թե՝ ո՞վ է մեղավոր, կպարզվի հետո»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ ավագանու նիստում, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամը Նուբարաշենում վնասված կոյուղագծերի վերանորոգմանն քաղաքապետարանի ուշադրությունը սեւեռելու համար կոյուղաջրերով լի տարաները փորձում էր Տարոն Մարգարյանի մոտ տանել, ՀՀԿ-ականները խոչընդոտեցին, ապա նաեւ մազերից քաշքշեցին, հարվածեցին: Aravot.am-ի այն դիտարկմանը, որ նախարարի կուսակցության ներկայացուցիչները ծեծեցին ավագանու անդամին, նախարար Մարտիրոսյանն այսպես պատասխանեց.«Իմ կուսակիցների վարքագիծը պետք չի էդպես գնահատել, չգիտենք՝ ինչի է էդպես եղել, չգիտենք՝ ինչ հիմքեր կան: Եկեք չփորձենք հիմա վաղաժամ գնահատական տալ»:
Մարտիրոսյանի կարծիքով, ինչպես ինքն ասաց, ամեն դեպքում, տգեղ միջադեպ է եղել. «Չգիտեմ ինչից է եղել միջադեպը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հարցին՝ «Երկիր Ծիրանին» պահանջում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը այս միջադեպից հետո, արդյոք պե՞տք է Մարգարյանը հրաժարական տա, նախարարը պատասխանեց՝ «Իմ կարծիքով՝ չէ, եկեք պարզենք ինչ է եղել, էլի: Միանգամից տենց հրաժարական պահանջել, կամ ինչ-որ մի բան պահանջել, առանց ուսումնասիրելու այդ ամեն ինչը, ինձ թվում է վաղաժամ է: Կարող է, տեսականորեն, ոչ միայն այս դեպքի մասին, ինչ-որ պրովոկացիա արվի եւ ասվի՝ քաղաքապետի հրաժարական կամ նախարարի կամ մեկ ուրիշի: Եկեք հիմքերը ճշտենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ