ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը վստահեցնում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում երեկվանից սկսված կոյուղագծերի նորոգման գործընթացը մինչ այդ տեւական ժամանակ նախապատրաստվել ու ծրագրվել է: «Գնումներ են կատարվել, ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ եւ պայմանավորվածություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա: Գոռ Ղլեչյանը վստահեցրեց՝ գործընթացը կապ չունի Երեւանի ավագանու նիստում օրերս գրանցված միջադեպի հետ:
Մեր զրուցակիցը չնշեց, թե ինչ ժամկետներում է նախատեսվում աշխատանքներն ավարտել, քանի որ նորոգումը ժամանակատար է. «Գործընթացը տեւական է, աշխատանքները՝ մեծածավալ: Դիտահորեր են բացվելու… դա արագ կատարվող աշխատանք չէ, այլ լուրջ մասնագետներ եւ սարքավորումներ են ներգրավված»:
Հիշեցնենք՝ ՔԿՀ-ի հարակից հինգ շենքերի բնակիչները տարիներ շարունակ բողոքել են գարշահոտությունից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ