«Գարշահոտը լցվում է տները, դուրս գալ հնարավոր չէ, էլ չասած, թե ինչ է կատարվում շոգ եղանակին: Եղածը մի խողովակ է, չեն տեղադրում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ գտնվող շենքի բնակիչ Գոհար Մանուկյանը: ՔԿՀ-ի վնասված կոյուղատարի հարցը մոտ վեց տարի է՝ չի լուծվում: Խնդիրն օրերս Երեւանի ավագանու նիստում ծեծկռտուքի պատճառ դարձավ, երբ «Երկիր Ծիրանիի» անդամը կոյուղաջուրը նիստերի դահլիճ բերեց: «Հո մեր սիրտը դարբի՞նը չի «սարքել», մենք էլ ենք մարդ, ուզում ենք նորմալ ապրել»,- նշում է տիկին Գոհարը:
Բնակիչները մեզ հետ զրույցում ընդգծում են՝ տարբեր պաշտոնյաներ ընտրությունների ժամանակ խոստացել են հարցը լուծել, բայց ընտրվելուց հետո մոռացել են իրենց: «Փոսեր են բացել, հող լցրել, բայց նորից կեղտաջուրը կուտակվում է, այդպես խնդիր չեն լուծում: Ասում են՝ ավելի լավ է նոր բերդ սարքենք, կան կոյուղատար նորոգենք»,- դժգոհում են բնակիչները: Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանիի»՝ կոյուղաջուրը քաղաքապետարան տանելուն, բնակիչներն ասում են. «Էլ ինչպե՞ս վարվեին, եթե տարիների մեր պայքարն անօգուտ է եղել»:
Լուսանկարները՝
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
15.02.2018