Վարչապետի պաշտոնի շուրջ տեղի ունեցող քննարկումների եւ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու թեմաներով «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ։
– Պարոն Պողոսյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնին, այն համեմատել է դասական գրականության հիման վրա նկարահանված ֆիլմի հետ եւ ասել, որ նման դեպքերում բոլորս էլ գիտենք, թե ֆիլմը ինչ ավարտ է ունենալու, բայց նայում ենք, որ համոզվենք։ Դուք ի՞նչ ավարտի եք սպասում։
– Ընդհանրապես, Արմեն Աշոտյանի խոսքի ոճը, եթե գնահատենք, ապա շատ հետաքրքիր մեջբերումներ է անում, որտեղ հարցին որպես քաղաքական գործիչ դասական ձեւով պատասխանում է՝ թողնելով իրավիճակ, որտեղ ամեն մարդ եզրակացությունները իր ձևով է անում։ Նա փորձել է սիրուն ձեւով հարցն այլ դաշտ տանի, ասելով՝ ինքներդ զուշակեք, իսկ մենք մեր աշխատանքն ենք անում, քանի որ մեծամասնություն ենք։ Պետք լինի՝ կասենք այս մարդու անունը, պետք լինի՝ կասենք այն մարդու անունը։ Սցենարները տարբեր կարող են լինել, սցենարների տարբեր քննարկումներ գուցե արդեն եղել են, պարզապես սիրուն փաթեթավորել են այդ բառերի մեջ։
– Պարոն Պողոսյան, հաշվի առնելով շատ ՀՀԿ-ականների կարծիքները, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, կարո՞ղ ենք ասել, որ Աշոտյանի ակնարկած ֆիլմն ավարտվելու է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելով։
– Այն, որ հանրապետականները փորձում են այդ սցենարը մշակել եւ հիմա ստուգումների խնդիրներ է գնում, որեւէ կասկած չկա, երբ նրանք ասում են՝ իմ անձնական կարծիքն այս է։ Այս ստուգումների մեխանիզմն են տանում, հասկանալու համար հանրության տրամադրությունը որն է։ Վերջիվերջո, վերջնական որոշումը լինելու է Սերժ Սարգսյանինը։ Եթե նա որոշի, որ շարունակում է, ուրեմն կապ չունեն ՀՀԿ-ականների անհատական կարծիքները, բոլորը միանգամից կընդունեն այդ կարծիքը։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ այլ մարդ է լինելու, ուրեմն բոլորը կասեն՝ երկար քննարկումների արդյունքում եկանք այդ որոշմանը։ Անիմաստ աշխատանք է մտածել, որ այս առումով կարող են խնդիրներ առաջանալ։ Որոշման մեխանիզմը գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքում։ Նախագահի թեկնածուի ժամանակ մամուլում տարբեր քննարկումներ եղան, անուններ շրջանառվեցին, բայց ՀՀԿ-ականները դուրս եկան, ասացին՝ Սերժ Սարգսյանը եկավ, առաջարկեց, այլ թեկնածու չառաջարկվեց, բոլորս համաձայնվեցինք։
– Ընդդիմադիրներից Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ խնդիրը համարում է Սերժ Սարգսյանի 3-րդ անգամ վերարտադրվել թույլ չտալը։ Կա՞ հասարակական պահանջ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար։
– Վստահ եմ, որ մի խումբ մարդկանց մոտ կա։ Հասարակության մեջ նաեւ հանրապետականներն են մտնում, իսկ նրանց մոտ չկա։ Մեկ այլ խմբի մոտ՝ միգուցե սպասումներ են։ Մենք չունենք միասնական տեսակետ, պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, թե հասարակության համար որոնք են խնդիրներ։ Մի խումբ մարդիկ կարող են ասել Սերժ Սարգսյանն է, մյուսն աղքատությունը, թանկացումները, կլինեն մարդիկ, որ անարդարությունից, մարդու իրավունքներից կխոսեն։ Եթե դուրս կգան փողոց ու կպահանջեն, կարելի է ասել, որ կա այդ պահանջը։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում