Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական քաղցկեղի ահագնացող ցուցանիշները վկայում են այն մասին, որ մոտ ապագայում այս հիվանդությունը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը

Փետրվար 15,2018 12:45

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների միջազգային կոնֆեդերացիայի առաջարկով 2002 թվականից փետրվարի 15-ին ամեն տարի նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Ընդհանուր առմամբ, մանկական քաղցկեղի ահագնացող ցուցանիշները վկայում են այն մասին, որ մոտ ապագայում այս հիվանդությունը կարող է դառնալ մանկական մահացության առաջատար պատճառը:

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է. «Կանխարգելիչ բուժում և փոխակերպում խնամքի»: Ուղերձը ընդգծում է անհավասարությունները և բուժման անհասանելիությունը փոքր ու միջին եկամուտ ունեցող երկրների մեծ մասում, որտեղ երեխաների 80%-ին հասանելի չի բուժումը: Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Արևելյան ու Հարավային Եվրոպայի երկրների մեծ մասում երեխաներին ու դեռահասներին հասանելի չի քաղցկեղի բուժումը, ներառյալ հիմնական դեղամիջոցներն ու մասնագիտացված խնամքը:

Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (IACR) տվյալների համաձայն` 2015 թվականին աշխարհում արձանագրվել է առաջնակի հայտնաբերված չարորակ նորագոյացությունների 300 000 դեպք:

Համալիր բուժման ժամանակակից մեթոդների շնորհիվ տնտեսապես զարգացած երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների ապրելիությունը կազմում է 84%: Մանկական ուռուցքաբանների և միջազգային կազմակերպությունների խնդիրն է` բուժման նորագույն մեթոդները հասանելի դարձնել բոլոր երեխաների համար:

Մանկական քաղցկեղի միջազգային կազմակերպության կազմում ընդգրկված է 188 անդամ կազմակերպություն աշխարհի 96 երկրից, այդ թվում Հայաստանից: Կազմակերպության 2018 թվականի կարգախոսն է. «Հասնել կարիք ունեցող բոլոր երեխաներին»:

Մանկական քաղցկեղի շրջանում սուր լեյկոզն առավել հաճախ հանդիպող չարորակ հիվանդություն է` կազմելով մանկական բոլոր քաղցկեղների 40%:  Մանկական արյան չարորակ հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և հետագա հսկողությունը 90% իրականացվում է ՀՀ ԱՆ  «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում», որտեղ տարեկան ախտորոշվում է մանկական սուր լեյկոզի 35-40 նոր դեպք:

Նշենք, որ արյան չարորակ հիվանդությունների ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության գնահատման համար արյունաբանական կենտրոնում ներդրվել են ժամանակակից մեթոդներ, իսկ բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով, որի շնորհիվ սուր լիմֆոբլաստային լեյկոզով տառապող երեխաների մոտ 5 տարի առանց ռեցիդիվի ցուցանիշը կազմում է  80%:

Հիվանդների դեղապահովումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով գնված, հումանիտար օգնությամբ ստացված և Արյունաբանական կենտրոնի միջոցներով:

Երեխաների բուժման գործընթացում անգնահատելի է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանի մասնակցությունը: Հիմնադրամը մշտապես աջակցում է  հիվանդ երեխաների բուժման հետ կապված խնդիրների լուծմանը, ձեռք են բերվում թանկարժեք դեղեր, արտերկրում բուժման անհրաժեշտության դեպքում օժանդակում է հեմատոլոգիական և օնկոլոգիական կլինիկաներում նրանց բուժման կազմակերպմանը:

Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդի բացակայության պատճառով նախկինում հիվանդ երեխաներից ոմանք մեկնել են արտերկիր բուժման այս տեսակը ստանալու նպատակով: Այսօր մեր հիվանդներն այլևս ստիպված չեն լինի իրենց փրկությունը որոնել արտերկրում, քանզի Արյունաբանական կենտրոնում հիմնվել է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք` համալրված լավագույն սարքավորումներով և վերապատրաստում անցած մասնագետներով: Արդեն իրականացվել է ոսկրածուծի 4 աուտոփոխպատվաստում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728