Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքահարկը կբարձրանա. «Հայկական ժամանակ»

Փետրվար 15,2018 12:43

Առաջիկայում կփոփոխվի անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմը։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել եւ «e-draft.am» տեղեկատվական համակարգում է տեղադրել «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։

Այն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հարկային նոր օրենսգրքով, որի անշարժ գույքի հարկի մասին դրույթը ուժի մեջ է մտնելու 2019 թվականից։ Նախագիծը օրենք դառնալու պարագայում ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից։

Որպեսզի չխճճվենք հաշվարկի մեթոդաբանության մեջ, որը նեղ մասնագիտական ձևակերպումներով է հագեցած, միանգամից արձանագրենք, որ առաջարկվող փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը եւ դրանք խիստ տարբերվում են համապատասխան շուկայական արժեքներից։

Անշարժ գույքի առք ու վաճառք իրականացրած ցանկացած մարդ լավ գիտի, որ իր վաճառած կամ գնած բնակարանի շուկայական գինն էապես տարբերվում է կադաստրային արժեքից։ Շուկայական գինն անհամեմատ բարձր է կադաստրային գնից, իսկ գործարքները կնքվում են հենց շուկայական գնով։ Եթե Երեւանի Նոր Նորք թաղամասում երկու սենյականոց բնակարանի կադաստրային արժեքը կարող է տատանվել 18-25 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, ապա շուկայական գինը տատանվում է 25-30 հազար դոլարի սահմաններում։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է գույքը վաճառվի շուկայական, իսկ գույքահարկը վճարվի կադաստրային արժեքով։ Այս խնդիրն է փորձելու լուծել նոր նախագիծը։

Գույքահարկ վճարում են շարքային քաղաքացիները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները։ Եթե առաջինի պարագայում գույքահարկն այսօր վճարվում է այնքան, որքան սահմանված է, ապա օլիգարխների եւ պաշտոնատար անձանց դեպքում բոլորովին այլ պատկեր է:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը նախորդ տարի հրապարակեց Հայաստանի ամենաթանկ կադաստրային արժեք ունեցող առանձնատների եւ ռեստորանների ցանկը։ Հիմնականում ամենաթանկ ռեստորանները պատկանում են ամենաթանկ տներ ունեցողներին, որոնց կադաստրային արժեքով սահմանված գույքահարկից էապես քիչ գումար են վճարվել համայնքների բյուջեներ։ Ամենաթանկ ռեստորանները պատկանում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ այլ անձանց, իսկ ամենաթանկ կադաստրային արժեք ունեցող տների ցանկում էին Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ուրիշների տները։

Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728