Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսների տարիքը՝ քննարկման առարկա. «168 ժամ»

Փետրվար 15,2018 12:33

Անցած ամռանը 105 տարեկանում մահացավ երկարակեցության ճապոնացի մասնագետ Շիգեակի Հինոհարան։ Երկար ապրելու գաղտնիքներից մեկը, ըստ Հինոհարայի, աշխատանքը երբեք չթողնելն է։ «Նույնիսկ, եթե ուզում եք այլևս չաշխատել, ապա դա արեք 65 տարեկանից շատ ավելի ուշ»,- ասում էր Հինոհարան։ Տարիքի հետ կապված՝ վերջերս տարակարծություններ առաջացան «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում ամրագրված այն դրույթի շուրջ, որի համաձայն՝ 70 տարին լրացած անձը բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում։ Գիտամանկավարժական գործունեության գնահատման արդյունքների հիման վրա այդ անձի հետ բուհի ռեկտորը կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր մինչև 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով։

Շատ մասնագետներ համարում են, որ սա անարդար մոտեցում է 70-ից բարձր տարիք ունեցող դասախոսների նկատմամբ, քանի որ տարիքը կարևոր չէ, և մարդկանց պետք է ընտրել՝ ըստ մասնագիտական կարողությունների։

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է այսպիսի դրույթ ամրագրվում օրենքում, երբ հայտնի է, որ ազդեցիկ դասախոսների մի մեծ խումբ կա, ովքեր ամեն ինչ անելու են, որպեսզի այս կետը չմնա օրենքում։

Իմ կարծիքով առաջին պատճառն այն է, որ ներկայումս ունենք դասախոսների թվի հավելուրդ, ինչն այս տարի ավելի է սրվելու՝ բուհերի դիմորդների թվի նվազման արդյունքում։ Առաջիկա 5-6 տարիներին Հայաստանի բուհերում լինելու են 2 թերբեռնված կուրսեր, ինչն անխուսափելիորեն բերելու է դասախոսների ծանրաբեռնվածության կրճատման։

Ավելին, այսօր Հայաստանում առկա է նաև բուհերի թվի ավելցուկ։ Բայց Գյումրու երկու պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների միավորման ձախողված փորձը ցույց տվեց, որ Հայաստանում, հատկապես՝ Երևանում, այսօր անհնար է միավորել բուհերը, քանի որ բոլոր բուհերում կան ազդեցիկ դասախոսներ, ովքեր դասավանդել են բարձրաստիճան պաշտոնյաների, և հենց այդ լծակն օգտագործելով՝ նրանք կարող են կանխել միավորման ցանկացած փորձ։ Այս իրավիճակում, եթե բուհերը կրճատեն երիտասարդ դասախոսների ծանրաբեռնվածությունը, ապա մի քանի տարի հետո, երբ տարեց դասախոսներն այլևս առողջական պատճառներով չկարողանան դասավանդել կամ մահանան, բուհերում առաջանալու է մասնագետների խնդիր։ Նկատենք, որ լավագույն երիտասարդ մասնագետների մեծ մասը ներկայումս չեն ցանկանում դասախոս աշխատել։

Օրենքում նման կետ ամրագրելու մյուս պատճառն այն է, որ կան տարեց դասախոսներ, ովքեր ունեն դասավանդման որակի վրա բացասաբար ազդող լրջագույն առողջական խնդիրներ, բայց ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց տեղը զիջել երիտասարդներին։ Եվ քանի որ այդ դասախոսներն ունեն նաև բարձր կոչումներ, ժամանակին դասավանդել են բուհի ներկայիս ղեկավարներին, ունեն բարձր պաշտոններ զբաղեցնող երեխաներ կամ թոռներ, ապա ռեկտորը չի կարողանում այս մարդկանց համոզել, որ, օրինակ՝ հիշողության հետ կապված լրջագույն խնդիրներով լսարան մտնելն արժեզրկում է բուհի հեղինակությունն ուսանողության շրջանում։ Հետևաբար՝ օրենքում նման դրույթ ամրագրելը ռեկտորներին հնարավորություն կտա ավելի ճկուն աշխատել 70 տարեկանից բարձր տարիք ունեցող դասախոսների հետ։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728