Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կարգավորման իր ծրագիրն է սկսում Ղարաբաղում. «168 ժամ»

Փետրվար 15,2018 12:22

Հայաստանի Հանրապետությունը Միացյալ Նահանգների հակառուսական պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի տակ է։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՍՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին։

«Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին և մասնավոր ընկերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքների դեպքում հնարավոր է պատժամիջոցների կիրառում։ Մենք նախապես չենք քննարկում մեր պատժամիջոցները։ Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան, և, եթե այդպիսիք կան»,- նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից՝ ի պատասխան հայաստանյան թերթերից մեկի հարցմանն առ այն, թե հնարավո՞ր է արդյոք՝ այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը, և արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանո՞ւմ են ՀՀ իշխանությունների հետ։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ հայտարարեց Ռուսաստանի դեմ, որոնք առաջին գլոբալ ֆինանսական, ռազմական պատժամիջոցներն են Ռուսաստանի դեմ և կարող են լրջագույն հետևանքներ թողնել ռուսական տնտեսության վրա։ Հակառուսական պատժամիջոցները վերջին մի քանի ամիսների ընթացքում ունեն նաև ռազմական բաղադրիչ, քանի որ ուղղվում են մի շարք պաշտպանական ձեռնարկությունների դեմ։ Բացի այդ, դեկտեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ էր սահմանել ռուսական մի շարք ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ։ Ռուս և ամերիկացի քաղաքագետներն այդ ժամանակահատվածում արդեն չէին բացառում, որ ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ պատժամիջոցների շարքն ընդլայնվի։

Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը հենց այդ շրջանում էլ նշել էր, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ոազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրներին զերծ պահել ռուսական զենքի գնումներից. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»։ Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում և՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ընդհանրապես հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»։

«168 ժամի» հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ այս թեմայի շրջանառության հենց սկզբում կարծում էր, որ Միացյալ Նահանգները չի կարող արգելել Հայաստանին զենք գնել Ռուսաստանից։ Սակայն, ըստ նրա՝ եթե առանձին պատժամիջոցներ են հնարավոր Հայաստանի, հետևաբար՝ նաև Ադրբեջանի նկատմամբ, ապա գործ ունենք շատ ավելի լայն գործընթացի հետ, քան միայն որոշ խնդիրների համար Ռուսաստանին «պատժելն» է։

«Եթե պնդում եք, որ նման պատժամիջոցների հնարավորության մասին հայկական կողմին տեղեկացրել են, նշանակում է, որ Ադրբեջանին ևս տեղեկացրել են, և այս երկրների դեմ ԱՄՆ-ը պատժամիջոցների այլ փաթեթ է նախատեսել, քանի որ արգելել զենք գնել հնարավոր չէ, բայց ԱՄՆ-ը՝ իր հարուստ լծակներով, կարող է այս երկրների համար թեթև պատժամիջոցների փաթեթներ սահմանել ՝ սահմանափակելով ռուսական զենքի մուտքը տարածաշրջան։ Ըստ էության, ժամանակի ընթացքում կողմերն իրենք կխուսափեն սպառազինություն ձեռք բերել Ռուսաստանից, քանի որ Միացյալ Նահանգները կարող է լուրջ ֆինանսական դժվարություններ ստեղծել այս երկրներում «մատի թեթև շարժումով»։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅՍՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728