Այսօր կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն ուրվագիծը, որն իրենք առաջարկում են, նախնական քննարկել են սոցապ և առողջապահության նախարարների հետ, որը «սկզբունքորեն որակապես փոխելու է առողջապահության եւ սոցապ այդ ոլորտը: Այնպես որ մեկամսյա ժամկետի մեջ մենք, վստահ եմ, որ կստանանք նոր խաղի կանոններ»: Ըստ վարչապետի՝ Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ ու հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը՝ դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ Այդ ամենին հասնելու համար վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ երկամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը: Իսկ մեկամսյա ժամկետում պետք է ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և դրանք ներկայացնել Կառավարության աշխատակազմ։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն էլ հանձնարարական ստացավ՝ ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը:
Իսկ Ազգային վիճակագրական ծառայության պետին վարչապետը առաջարկեց մեկամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով՝ տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումը ապահովելու նպատակով «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ: «Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք: Այսինքն՝ հետ ենք ոչ թե այն պատճառով, որ մեր վիճակն ա էսքան վատ, այլ հետ ենք, որովհետև մենք ուղղակի ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել: Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվել ենք բոլոր նման վարկանշիների հետ կապված ամփոփենք, կոնկրետ պատասխանատու նշանակվի, որպեսզի վաղը-մյուս օրը մենք հասկանանք ով է թերացել իր աշխատանքի մեջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ