Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացում՝ արցախյան թեմայով, եւ նոր տեսահոլովակ։ Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր առաջիկա ծրագրերի եւ հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի՝ Լոս Անջելեսում կայացած ներկայացման պրեմիերայի մանրամասների մասին։
– Հայկ, գիրք նվիրելու օրվան ընդառաջ երեւանյան գրախանութներից մեկի մշտական խորհրդատուներին զուգահեռ ընթացողներին խորհուրդներ եք տալու նաեւ Դուք։ Հետաքրքիր է՝ ընթերցանությամբ վաղ տարիքի՞ց եք հետաքրքրված, թե՞ ուշ տարիքում եք սկսել կարդալ։
– Ես սկսել եմ կարդալ ուշ՝ 15-16 տարեկանից, իսկ մինչ այդ խորապես համոզված էի, որ գիրք կարդալն ուղղակի ժամանակի կորուստ է, եթե կա ֆուտբոլը, եւ եթե կան դիմացի շենքի սիրուն աղջիկները։ Առաջին գիրքը, որ համոզում էին կարդալ, Ղյումայի «Երեք հրացանակիրներ»-ն էին։ Բայց ես ծուլացա, եւ այդ գործն ինձ համար բարձրաձայն ընթերցում էին. օրինակ՝ հորաքույրս էր այդ գործը ստանձնում։ Իսկ առաջին գիրքը, որ կարդացել եմ արդեն ինքնուրույն, եղել է «Տարզանի վերադարձը ջունգլի»։ Հետո նկատեցի, որ այն մարդիկ, որոնց ես հարգում եմ, որոնք ինձ համար հեղինակություն են, շատ կարդացած, զարգացած. մարդիկ են, ու ասացի՝ երեւի մի բան կա, ու սկսեցի կարդալ։ Ի դեպ, ասեմ, որ սկզբում կարդում էի, որպեսզի միջավայրում տպավորություն թողնեմ, իսկ հետո արդեն հասկացա, որ առանց գրքի ապրել չի լինի։ Վերջին կարդացածս, ավելի ճիշտ՝ վերընթերցածս գիրքը Ջորջ Օրվելի «1984»-ն է։
– Գիտեմ, որ մի շարք նոր երգեր ունեք։ Տեսահոլովակ նկարահանելու ցանկություն կա՞։
– Ասեմ, որ տեսահոլովակ հասկացությունից զզվում եմ, դրա մեջ ինչ-որ արհեստական բան կա. պետք է բերանդ ստից բացես-փակես ու ձեւացնես, որ, օրինակ, տառապում ես։ Բայց նաեւ գիտակցում եմ, որ հարկավոր է ժամանակին համընթաց քայլել։ Առաջինը տեսահոլովակ կնկարահանենք ռոմանտիկ մի երգի հիման վրա, այն կոչվում է «Քանի որ»։
– Հայկ, իսկ Ձեր հոր՝ դերասան Վարդան Պետրոսյանի ամերիկյան պրեմիերային ներկա եղե՞լ եք (դերասանը տեւական դադարից հետո փետրվարի 3-ին Լոս Անջելեսում հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր «Իմ կիսատ թողած երգը» ներկայացումը,- հեղ.)։
– Ո՛չ, ներկա չեմ եղել, բայց քույրս «Ֆեյսբուքի» միջոցով սահմանափակ թվով անձանց համար ուղիղ եթեր էր մտել ներկայացման ընթացքից։ Դիտեցինք եւ շատ հուզվեցինք։ Գրեթե 5 տարի էր՝ հայրս բեմ չէր բարձրացել, շատ հուզիչ էր հատկապես այն, թե ինչպես հանդիսատեսը դիմավորեց եւ ընդունեց նրան։ Հուսանք, սպասենք, եւ հայրս անպայման ներկայացումներով կգա նաեւ Երեւան, չեմ կարող ասել՝ երբ, բայց հաստատ կգա։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում