Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտին առնչվող հանձնարարական տվեց: Պարոն վարչապետը նշեց, որ սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները։ Վարչապետը հայտարարեց, որ ներկայումս գործող կարգավորումները, հանձնաժողովների արդյունավետությունը անբավարար են։
Կարեն Կարապետյանը նշեց, որ ԲՍՓ հանձնաժողովների գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ և կանխատեսելի չէ, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը։
Ելնելով դրանից, վարչապետը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարներին՝ մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկա-սոցիալական փորձաքննության ոլորտի որակական փոփոխմանն ուղղված առաջարկություններ, հստակ անդրադարձ կատարելով՝ փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերին, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայմանը, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցմանը, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատմանը, ինչպես նաև գործընթացի թվայնացմանն ու էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ