Լրահոս
Օրվա լրահոսը

Ասք կոյուղու մասին. «Հրապարակ»

Փետրվար 15,2018 11:27

Իզուր չէ ասված, որ ընտրությունն իշխանություն ձեւավորելու լավագույն ձեւն է։ Այդ կապակցությամբ Հայաստանում նույնիսկ այսպիսի արտահայտություն կա՝ «մեռնեմ ընտրության արդյունքներին»։ Ամեն անգամ իշխանությունները դեմ են տալիս այդ արդյունքները, ու էլ բան չի մնում ասելու։ Կեղծել են- չեն կեղծել, լցրել են-չեն լցրել, կաշառել են- չեն կաշառել՝ այս խոսակցությունները միանգամից լռում են, երբ պարզվում է, որ իշխող ուժը մի ուրիշ տեսակ տոկոս է խփել։ Ի՞նչ ասեմ, գնացեք ԿԸՀ եւ բացեք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները Նուբարաշենում։ Այդ ընտրություններն անհիշելի ժամանակներում չեն եղել, այլ ընդամենը 2017 թվականին, եւ արդյունքներն էլ թարմ են՝ մեկ տարին դեռ չի բոլորել։

Հիմա մեզ ասում են, որ նուբարաշենցիները տարիներով, չգիտեմ, երեւի Տարոն Մարգարյանի քաղաքապետության նախկին շրջանից սկսած, գարշահոտություն են շնչում։ Սա նշանակում է, որ նուբարաշենցիները 2017 թվականին Երեւանի ավագանու ընտրությունների են գնացել այն գարշահոտության ու կեղտաջրի միջով, որը «Երկիր ծիրանին» բերել էր քաղաքապետարան, որպեսզի Տարոն Մարգարյանը շնչի։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր նուբարաշենցիներից, բայց գիտե՞ք ինչ կա, սիրելի նուբարաշենցիներ, պետք չէր ընտրել, պետք չէր ձայն տալ մի ցուցակի, որ գլխավորում էր տարիներ շարունակ այդ հոտը ձեզ հրամցրած Տարոն Մարգարյանը։ Բարդ բան չեմ ասում, չէ՞։ Ասում եմ՝ էն, որ հագած-կապած գնում էիք ընտրությունների, պետք չէր քթածակերը բամբակ դնել, աչքերին՝ ակնոց, ու այդպես գնալ ընտրությունների։ Այդ օրը, հավանաբար, ձեզ թվացել է, թե Դիլիջանի անտառներում եք ապրում՝ մեռնեմ Տարոնի ջանին, Տարոնիս եմ ձայն տալու, բա էլ ում, եթե ոչ Տարոնին։ Հիմա ինչի՞ց եք բողոքում։ Հա՛, հոտից, կեղտաջրից, որ տարիներով անհաղթահարելի են մնում…

Շատ գեղեցիկ էր ամեն ինչ կազմակերպված։ Նուբարաշենցիները ճարահատ, ընդգծեմ այս բառը՝ ճարահատ, ճանապարհ են փակում, Զարուհի Փոստանջյանը, թե ինչպես է պատահում, Շամշյանից շուտ է տեղ հասնում, հենց տեղում հասկանում է՝ ով ում բարեկամն է, բանկաները կեղտաջրով լցնում ու գալիս է քաղաքապետարան՝ Տարոն Մարգարյանին այդ հոտը «շնչեցնելու»։ Ասում է՝ հանճարեղ միտքը միշտ ամենապարզ միտքն է։ Բայց սցենարը սրանով չէր կարող ավարտվել, եւ ուժեղ ֆինալ էր պետք։ Երեւանի ՀՀԿ-ական ավագանու որակը նկատի ունենալով՝ գրեթե անհնարին է որեւէ հետաքրքիր բան մտածել նման իրավիճակների համար։ Եվ քաղաքապետարանում, իսկապես, որեւէ անակնկալ տեղի չունեցավ, եթե չհաշվենք, որ ականատես եղանք բռնցքամարտի կանանց եւ տղամարդկանց խառը մենամարտերի։ Դե, Գոռ Վարդանյանն ընդհանրապես առանց կանոնների էր «կռվում»՝ ու այնքան կռվեց, մինչեւ նրան «կասկածեցին» բռնաբարության փորձի մեջ։ Ու թեեւ այս ամենի մեջ նորություն չկար, հայկական Ֆեյսբուքը տեղից պոկվեց, պոկվեց ու գնա՛ա՛ա՛ց։ Մի քննարկում, մի իրարանցում, էլ կնոջ ու տղամարդու հավասարություն, էլ ֆլան, ֆստան, մինչեւ բանը հասավ իրավապաշտպաններին, ու սրանցից մեկը, թե՝ բա չե՞ք ասի, Երեւանի ավագանու հանրապետականներն այդպիսով ոչ թե «Երկիր ծիրանիին» են ծեծել, այլ նուբարաշենցիներին։ Դե եկ, Տարոն Մարգարյան, ու սրա տակից դուրս արի։ Էլ չեմ ասում, որ այս միջադեպին դեռ անդրադարձ կլինի նաեւ ՀՀԿ ԳՄ նիստին, ու Սերժ Սարգսյանը կարող է այդքան մարդու մոտ կրկնել իր հանրահայտ ֆրազը՝ Տարոն ջան, սիրուն չի…

Իսկապես «սիրուն չի», երբ քո ընտրողի շահերն ընդդիմությունն է պաշտպանում։ Դա նաեւ ցավալի հետեւանքներով ու վատ վիճակի մեջ ընկնելու հավանականությամբ է հղի։ Վստահաբար, այսքան բանից հետո քաղաքապետարանը պետք է վազ տա Նուբարաշենի կոյուղին սարքելու, բայց մարդիկ, միեւնույն է, արդեն ասելու են, որ դա ոչ թե Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի, այլ Զարուհու շնորհքն էր։ Իսկապես սիրուն չի լինի։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728