Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը վերադառնում է եւ կմասնակցի հաջորդ ընտրություններին. «Հրապարակ»

Փետրվար 15,2018 11:17

Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությունը վերադառնում է իր «հին տաշտակին»։ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը քաղաքական դաշտում նորից հանդես կգա հին անվանումով՝ ՕԵԿ, որից թիմը ձերբազատվեց խորհրդարանական վերջին ընտրությունների նախաշեմին, սակայն դա չփրկեց Արթուր Բաղդասարյանին, եւ նրա թիմը չհայտնվեց խորհրդարանում։ Մինչդեռ, հետ չմնալով Գագիկ Ծառուկյանից, դեռեւս 2015-ից Արթուր Բաղդասարյանը լծվել էր ընդդիմադիր ուժերի միավորում ստեղծելու գործին, սակայն նրա շուրջ հավաքվեցին մի քանի տասնյակ անհայտ, անծանոթ մարդ-կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, որոնք նաեւ մեծ ամբիցիաներ ունեին։ Նրանք լուծարեցին իրենց կազմակերպությունները, ու ստեղծվեց նորը՝ ՀՎԿ անվանումով։ Հետագայում պարզվեց, սակայն, որ «Օրինաց երկիրը» չի լուծարվել, ինչը հարուցեց գործընկերների զայրույթը։ Կրքերն ավելի սրվեցին նախընտրական ցուցակի ձեւավորման ընթացքում, ոմանք համարեցին, որ «քցվել» են, ու մինչեւ ընտրությունները ՀՎԿ-ն լքելու հայտարարություններ եղան, թեպետ հանուն նոր կուսակցության սեփական կուսակցությունները լուծարած՝ մեկ տասնյակի հասնող կուսակցություններից դուրս եկան միայն երկուսը։ Օրերս էլ կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը հայտարարություն տարածեցին, որ որոշում են կայացրել վերակազմակերպման միջոցով առանձնանալ։

Նրանք դիմումը փոստով ուղարկել են «Հայկական վերածնունդ» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ Արթուր Բաղդասարյանին։ Պատասխանը չուշացավ, նախօրեին սրընթաց ու գաղտնի արտահերթ համագումարի ընթացքում ՀՎԿ-ն որոշում է կայացրել բավարարել դիմած եւ նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը։ Կուսակցությունից նաեւ տեղեկացնում են, որ նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը»։

Հինգ կուսակցությունների շարքում է Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, որը ՀՎԿ-ից դուրս գալու մասին հայտարարել էր ուղիղ մեկ տարի առաջ։ Դրա նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ մեզ հայտնեց, որ ավելի քան մեկ տարի առաջ տարածած հայտարարությունն է, ասելիք չունի, իսկ դրանում, մասնավորապես, ասվում է. «Չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական վերածնունդում», խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմն այլեւս անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական վերածնունդում»։

…պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Հայկական վերածնունդ» կուսակցությունից, հրաժարվում եմ ՀՎԿ կառավարման խորհրդի անդամությունից»։

Արմենուհի Եղոյանն էլ՝ «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավարը, ասաց, որ հիվանդանոցում է։ «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը, որը գրեթե նույն հիմնավորմամբ ՀՎԿ-ն լքել է առաջինը՝ դեռեւս 2016-ին, երեկ կուսակցության շուրջ ընթացող գործընթացի մասին ասաց հետեւյալը. «Մնացին բարեկամներով, իրենց ստով ու խաբեությամբ»։ Նշենք, որ ՀՎԿ-ում, ինչպես Ղազարյանն ասաց՝ մնացել են Ագրարային կուսակցությունը, «որից մարդ էլ չկար», «Շրջադարձ» կուսակցությունը եւ «Ազգի փրկությունը»։ «Այդ վերջինի ղեկավարը, կարծեմ, Հեղինե Բիշարյանի բարեկամն է»։

ՕԵԿ նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը մեզ հիշեցրեց, որ ժամանակին ՕԵԿ-ը համախմբման նախաձեռնությամբ նպատակ էր հետապնդում մեծ փոփոխությունների, սակայն հիասթափված նշեց, որ փորձը մեծ առումով չհաջողվեց։ «Ինչ-որ բան հաջողվեց, ինչ-որ բան՝ ոչ»,- ասաց նա ու հիշեցրեց, որ իրենք արտախորհրդարանական ուժերի առաջնորդողն են, ինչպես նաեւ հաջողություններ են գրանցել Վանաձորի քաղաքապետի ընտրություններում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728