Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են իրականում հայ

Փետրվար 15,2018 10:08

ՌԴ ներկա, ապագա եւ ցմահ նախագահ, իսկ այս պահին նաեւ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն ունի հայազգի վստահված անձինք՝ սուսերամարտիկ Յանա Եգորյանը, Russia Today-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, կատակերգուներ Եվգենի Պետրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը, գիտնական Ալեքսանդր Չուբարյանը, լողորդ Շավարշ Կարապետյանը: Նման դեպքերում Հայաստանում հարցեր են առաջանում՝ իսկ որքանո՞վ են նրանք հայ, մենք պե՞տք է հպարտանանք նման մարդկանցով, մեզ ընդհանրապես պե՞տք է հետաքրքրի այդ մարդկանց գործունեությունն ավելի շատ, քան ՌԴ մնացած քաղաքացիներինը:
Նախ՝ մենք չունենք համընդհանուր եւ 10 միլիոն մարդու համար ընդունելի պատասխանն այն հարցի, թե ինչ է նշանակում՝ լինել հայ: Դրանով մենք տարբերվում ենք հրեաներից, որոնք այդ հարցը լուծել են կրոնական-գաղափարական հարթության մեջ:

Մեր համախմբման ձեւը չի կարող կրոնական լինել, որովհետեւ եղել են եւ կան, մասնավորապես, կաթոլիկներ, բողոքականներ եւ աթեիստներ, որոնք մեր ժողովրդի արժանավոր զավակներն են: Հետեւաբար պետք է փնտրել այլ չափանիշներ: Օրինակ՝ կարելի է հարցնել՝ իսկ արդյոք այդ մարդիկ ընդունո՞ւմ են իրենց հայ լինելը: Պուտինի վստահված անձինք այս առումով ոչ մի խնդիր, կարծես, չունեն: Հիշյալ գործիչներից անձամբ շփվել եմ միայն Մարգարիտա Սիմոնյանի հետ, որը բավականին ջերմորեն խոսում էր իր ազգային պատկանելության մասին: Իսկ, օրինակ, պուտինյան քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը կամ երգիչ Ֆիլիպ Կիրկորովն իրենց հայ չեն զգում, եւ նման մարդկանցով այս տեսանկյունից բացարձակապես չարժե հետաքրքրվել:

Երկրորդ հարցը, որը կարելի է տալ՝ արդյոք այդ մարդիկ տիրապետո՞ւմ են հայոց լեզվին: Բացի Շավարշ Կարապետյանից՝ հիշյալ 7-յակից, կարծում եմ, ոչ մեկը չի կարող իր մասին նման բան ասել: Իսկ, օրինակ, պուտինյան մեկ այլ քաղաքագետ` Անդրանիկ Միհրանյանը, ազատ շփվում է հայերեն, եւ երբ գալիս է Երեւան, իր հարցազրույցներն ու ասուլիսները տալիս է մայրենի լեզվով: Արդյո՞ք դա իրեն մոտեցնում է Հայաստանի շահերին: Կարծում եմ` ոչ, որովհետեւ նրա աշխատանքն է՝ սպասարկել Կրեմլի շահերը: Իսկ, օրինակ, Քըրք Քըրքորյանը հայերեն չէր խոսում, բայց ո՞ւմ լեզուն կպտտվի ասել, որ նա հայ չի:
Այնուամենայնիվ, ինձ թվում է, բացառությամբ «կուրղինյանական» դեպքերի, մարդկանց պետք չէ վանել, պետք չէ նաեւ նրանց «հարցաքննել» հայության թեմայով: Հայտնի գործիչների հայկական արմատները անհրաժեշտ է օգտագործել այնքանով, որքանով դա հնարավոր է: Օգտագործել՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
Երբեմն նաեւ հնարավոր է, առանց չափն անցնելու, փորձել նրանց մեջ արթնացնել ազգային զգացմունքներ: Այնպես, ինչպես որ դա եղել է Շերիլին Սարգսյանի եւ Քիմ Քարդաշյանի դեպքում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պատմության ընթացքում օտար կրոններն ու օտար քաղաքական կուսակցությունները մասնատեցին ազգը: Մենք չունենք ազգային գաղափար, ազգային կրոն, ազգային կուսակցություն…, բայց գոյություն ունեն «ազգային» յուրահատկություններ:

  2. Կարո Մելիքյան says:

    Արամ, մոռացաք նշել 2միլ. ռուսաստանաբնակհայերին ու 3-4 միլ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերին , ովքեր Պուտինի կողմն են: Հետո էլ ոչ մեկի գործը չի դատելու ով է հայ կամ ոչ: Եթե այդքան մտահոգված ես , թե ով է հայերեն խոսում ով ոչ, նախ Հայաստանաբնակ հայերի հարցով զբաղվի , ովքեր այդքան տարի Հայաստանում ապրում են , բայց հայերեն չեն խոսում: Երբ այդ հարցի լուծումը գտար, այն ժամանակ մյուսներին անցիր 😉

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, անիմաստ է վիճել՝ ամեն մեկը ցանկացած տեքստում տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել: Հոդվածում չկար որեւէ բառ այն մասին, որ ես մերժում եմ որեւէ հայի՝ հայ լինելու իրավունքը: Չկար նաեւ դատապարտման խոսք հայ պուտինիստների հասցեին: Հ.Գ. Անծանոթ մարդկանց ես սովորաբար դիմում եմ «Դուք»-ով:

  3. էլիես says:

    Ես կարծում եմ , վերնագիրը հոդվածին չի համապատասխանում. Ավելի ճիշտ կլիներ գրել, «որ՞ հայերն են հայանպաստ գործում. Հայ լինելը արյունով գալիս է եվ անգամ երբ հայը հայանպաստ չի գործում եվ անգամ որ ինքն իրեն հայ չի համարում. Անձը չի կարող որոշել իր արմատները, կամ մեկ այլ մարդու արմատները. Իսկ մարդուն կատեգորիզացնել, նշանակում է բաժանել, «սա լավ հայ է», «սա վատ». Լավ չի լավ չի.

  4. Լավատես says:

    ՝Դրանով մենք տարբերվում ենք հրեաներից, որոնք այդ հարցը լուծել են կրոնական-գաղափարական հարթության մեջ:՝

    Չգիտես ինչո՞ւ ուրիշ ազգերը
    ՝այդ հարցը լուծել են կրոնական-գաղափարական հարթության մեջ՝,
    իսկ
    ՝Մեր համախմբման ձեւը չի կարող կրոնական լինել՝,
    հակառակը՝
    ՝եղել են եւ կան, մասնավորապես, կաթոլիկներ, բողոքականներ եւ աթեիստներ, որոնք մեր ժողովրդի արժանավոր զավակներն են՝
    եւ մենք բոլորս կարող ենք միավորվել ազգային կրոնական-գաղափարական հարթության մեջ՝ ասում ենք հայ՝ հասկանում ենք հայ ազգային կրոնական գաղափարախոսությունը, այսինքն հայ կրոնը, ասում ենք հայ կրոն, հասկանում ենք հայ ազգ, հայերի մոտ այլ կրոնների առկայությունը պայմանավորված է հենց ազգային կրոնի բացակայությամբ, հեռանալով մեր հայ կրոնից հեռանում ենք մենք մեր հայ էությունից՝ էության կռիվ է, ով պաշտպանեց իր էությունը, նա էլ իշխում է մյուսների վրա, որոնք պարտվում են այդ կռվում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728