Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին չի կաշկանդելու

Փետրվար 15,2018 15:30

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տպավորությամբ՝
Արմեն Սարգսյանը հակված է ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը

– Պարոն Շարմազանով, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպմանը Դուք եւ ԱԺ նախագահը ներկա չէիք եղել: Հանդիպել եք ավելի ուշ: Ի՞նչ տպավորություններ ստացաք, ի՞նչ էիք ցանկանում լսել Արմեն Սարգսյանից, որը որ չգիտեիք:

– Այո, ես եւ պարոն Բաբլոյանը ներկա չենք եղել Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպմանը, քանի որ Սլովակիայում էինք: Մի քանի օր առաջ ԱԺ նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ ես հանդիպում ունեցանք պարոն Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումը բավականին կառուցողական էր: Շատ բաց, հրապարակային, աշխատանքային քննարկում էր, տարբեր հարցերի շուրջ մտքերի փոխանակում եղավ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունն իրապես շատ կարեւոր էր: Ընտրված է թեկնածու, որն ունի տեսլական, պատկերացնում է Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախագահի նոր լիազորությունների շրջանակում անելիքները, պետության առջեւ կանգնած մարտահրավերները, լսելու, դիմացինին ընկալելու ունակություն ունի:
Եթե Արմեն Սարգսյանն ընդունի Սերժ Սարգսյանի առաջարկը եւ համաձայնի առաջադրել նախագահի պաշտոնում իր թեկնածությունը, կարծում եմ՝ նա կարող է իր լիազորությունների շրջանակում հնարավորինս արդյունավետ իրականացնել իր պարտականությունները:

– Ասացիք, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո հստակեցրիք Ձեր պատկերացումը, որ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջարկը թերեւս լավագույնն էր: Այսինքն՝ անկախ ձեր տպավորություններից, միեւնույն է, լավագույնը չէի՞ք համարելու այդ առաջարկը: Եթե Ձեզ ինչ-որ մի բան դուր չգար, պետք է հակառակվեի՞ք այդ թեկնածությանը:

– Էմոցիաները եւ այն ամենը, ինչը զգայական է, քաղաքական կատեգորիա չեն: Քաղաքական գործիչը պետք է պետական շահի նպատակահարմարությամբ առաջնորդվի, այլ ոչ թե իր զգայական տեսանկյունով:

Նաեւ՝ ես գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հանրապետության նախագահի, ՀՀԿ նախագահի ցանկացած որոշում ինձ համար քննարկելի չէ: Ես անվերապահորեն վստահում եմ պարոն նախագահին, ընդունում եմ նրա որոշումները եւ այդ որոշումներն ի կատար ածողներից մեկն եմ: Եթե իմ կուսակցության առաջնորդը գտել է, որ լավագույն թեկնածուն Արմեն Սարգսյանն է, ուրեմն, բնականաբար, իմ քվեարկությունը չէր կարող այլ կերպ լիներ: Նաեւ նախագահ Սարգսյանի անձով եւ ազդեցությամբ է պայմանավորված եղել իմ քվեարկությունը ՀՀԿ ԳՄ նիստում` հօգուտ Արմեն Սարգսյանի: Բայց երբ հանդիպեցինք Արմեն Սարգսյանի հետ, ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ նախագահ Սարգսյանի ընտրությունը եւ առաջարկությունը շատ ճիշտ է: Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ քաղաքականություն է վարում:

– Մարտի 2-ին խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ չորրորդ նախագահին: Արմեն Սարգսյանը դեռ հայտարարում է, որ հստակ որոշում չունի` կընդունի՞ Սերժ Սարգսյանի առաջարկը, թե՞ ոչ: Դուք էլ ասացիք` «եթե Արմեն Սարգսյանը համաձայնի…», կա՞ պատճառ, որ Արմեն Սարգսյանը չի համաձայնի, կհրաժարվի:

– Որոշում կայացնողն Արմեն Սարգսյանն է: Ինքն իր վերջնական որոշումը կկայացնի հանրապետության նախագահի հետ միասին: Ես կոռեկտ չեմ համարում ասել` պատճառ կա՞, թե՞ չկա: Բայց իմ տպավորությունն այն էր, որ հանրապետության նախագահի թեկնածուն հակված էր ստանձնել այդ պատասխանատվությունը: Գուցե խաբուսիկ է իմ տպավորությունը: Քանի դեռ պարոն Սարգսյանը չի հստակեցրել եւ հայտարարություն չի արել, կոռեկտ չէ, որ ես որեւէ բան ասեմ:

– Եթե Արմեն Սարգսյանը որոշի հրաժարվել Սերժ Սարգսյանի առաջարկից, ի՞նչ է այդ դեպքում լինելու, ՀՀԿ-ն ունի՞ «պահուստային» թեկնածու:

– «Եթե»-ներով հարցերին չեմ պատասխանում: Մենք կարծում ենք, որ ամեն ինչ կգնա այն սցենարով, որն ի սկզբանե նախատեսված է եղել: Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի հանրային հանդիպումները բավական դրական արձագանք են գտել: Համենայնդեպս, եթե լրատվամիջոցներում եւ սոցցանցերում համեմատության մեջ դնենք արձագանքները, ապա ակնհայտ է, որ դրականն անհամեմատ ավելի շատ է, քան բացասականը: Նաեւ սա է ինձ թույլ տալիս ենթադրել, որ պարոն Սարգսյանը հակված է ընդունել այդ առաջարկը: Թեեւ վերջնական որոշման իրավունքն իրենն է:

– Երբ Սերժ Սարգսյանը հրապարակում էր ՀՀ չորրորդ նախագահի ընտրության չափանիշները, դրանցում կար նաեւ չափանիշ` պետք է լինի անձ, որն ընդունելի կլինի հասարակության բոլոր շերտերի կողմից: Դատելով Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու մասին Արմեն Սարգսյանի խուսափողական պատասխանից, ՀԱԿ-ի հետ հանդիպումից հետո արված այն հայտարարությունից, որ կեղծված ընտրությունների մասով իր գնահատականները տարբերվում են ՀԱԿ-ի գնահատականներից, Արմեն Սարգսյանը կոնսենսուսային թեկնածու չի լինում:

– Երբ պարոն նախագահն ասում էր, որ թեկնածուն ընդունելի լինի բոլորի համար, բնավ նկատի չուներ, որ երեք միլիոն բնակչությունն էլ կողմ քվեարկի: Խոսքը գնում է մեծամասնության, հասարակության տարբեր շերտերի դրական վերաբերմունքի մասին: Ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն այն քաղաքական գործիչն է, որի նկատմամբ դրական վերաբերմունք ունի ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչները: Իսկ եթե ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր մի հատված կա, որոնք ունեն իրենց կարծիքը` նորմալ է:

Համենայնդեպս, մենք գտնում ենք, որ ՀՀ երրորդ հանրապետության չորրորդ նախագահի թեկնածուն համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք դրված են բարեփոխված Սահմանադրության մեջ:

– Շատերը տպավորություն ունեն, որ Արմեն Սարգսյանը շարունակելու է «թելել ՀՀԿ-ի թելը»: Ամեն դեպքում, սկզբունքային հարցերի շուրջ Արմեն Սարգսյանը չի ընդդիմանում ՀՀԿ-ի տեսակետներին: Ինքնուրույնության դրսեւորումներ էլ կարծես չեն լինելու:

– ՀՀԿ-ն իր առաջարկությամբ չի կաշկանդելու հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ապագա գործողությունները: Մենք շատ լավ հասկանում ենք, որ չորրորդ նախագահը պետք է լինի վերկուսակցական գործիչ, ոչ թե այս կամ այն քաղաքական թիմի ներկայացուցիչը, այլ Սահմանադրության ապահովողը:

– Ընդդիմադիրները պնդում են, որ նախագահին արդեն իսկ կաշկանդում եք` ձեւավորելով սուպերվարչապետական համակարգ: Օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովում ընթանում են, անգամ ներման ինստիտուտն այլեւս նախագահի մենաշնորհը չէ:

– Պառլամենտական համակարգում չի կարող ներման մենաշնորհ ունենալ հանրապետության նախագահը: Պառլամենտական համակարգում որեւէ դեպքում հանրապետության նախագահը չի կարող «առաջին ջութակ» լինել: Պառլամենտական համակարգերում` սկսած Գերմանիայից, վերջացրած Հունաստանով եւ Իտալիայով, հանրապետության նախագահն ունի հստակ լիազորություններ, բայց «առաջին ջութակը» վարչապետն է: Այդպես է նաեւ Հայաստանում: Ամերիկա չենք հայտնաբերել: Արել ենք այն, ինչ հաջողությամբ իրականացնում են այլ երկրները: Եվ սուպերվարչապետի մասին խոսքերը անհեթեթություններ են:

Պետք չէ խառնել ՀՀ չորրորդ նախագահի իրավունքները երրորդ, երկրորդ կամ առաջին նախագահի իրավունքների հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ նոր են հասկացել, որ կառավարման համակարգի փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ նախագահն այլեւս գործադիր իշխանության ղեկավար չէ: Նախագահը պետության գլուխն է, որն ունի ներկայացուցչական եւ Սահմանադրության ապահովման ֆունկցիաներ: Գործադիր իշխանության գլուխն այլեւս վարչապետն է, ու այդ պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու իրավունք ունի այն քաղաքական ուժը, որը խորհրդարանում ունի ձայների մեծամասնություն:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728