Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերհերցիների համար կենսական ճանապարհը կվերանորոգեն 1 միլիարդ 275 միլիոն դրամով

Փետրվար 15,2018 15:00

Անցյալ դարի 80-ական թվականներին մասնակի վերանորոգած Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ճանապարհը կվերանորոգվի: Այս լուրն արդեն քանի ամիս է՝ հերհերցիների քննարկման առարկան է: Չեն հավատում: Ասում են` մինչեւ աչքներովս չտեսնենք, չենք հավատա: Հերհերի բնակիչները տասնյակ անգամներ լսել են ճանապարհը վերանորոգելու մասին խոստումներ, հատկապես դրանք տրվել են ընտրությունից ընտրություն, երբ գյուղացիներից ձայներ կորզելու դիմաց պատգամավորի թեկնածուներն ու կուսակցությունները ճանապարհի հարցն էլ են շահարկել` խոստանալով այն վերանորոգել: Սակայն ընտրվելուց հետո հերհերցիների պահանջին ի պատասխան ասել են` դրա համար մեծ գումարներ են պետք:

Հերհերը Վայք քաղաքից ընդամենը 18 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն տեղանքին ծանոթ «տաքսիստները» նույնիսկ 5-6 հազար դրամով չեն ցանկանում քեզ Վայքից Հերհեր հասցնել, ասում են` մի 50 հազար էլ պետք է դնենք, որ ավտոմեքենայի վնասված պահեստամասերը գնենք:

Ճանապարհի ասֆալտե ծածկույթը քայքայված է, ողջ երկայնքով գրեթե բացակայում են պաշտպանիչ եզրաշերտերը: Ճանապարհի մի մեծ հատված անցնում է Հերհերի ջրամբարի առափնյա հատվածով, որտեղով երթեւեկելն առավել վտանգավոր է: Վերջին մի քանի տարում ճանապարհին պարբերաբար քարաթափումներ են լինում` փակելով երթեւեկելի հատվածը:

Հերհերի ճանապարհն այս մարզի մեկ այլ՝ Կարմրաշեն գյուղն է սպասարկում, որի շարունակությունը նույնպես անմխիթար վիճակում է: Երկու գյուղը միասին ունեն 1000-ից ավելի բնակիչ: Այս երկու գյուղերի բնակիչները փաստի առաջ են կանգնում հատկապես այգեգործության սեզոնին, երբ, նրանց խոսքերով ասած` բերքը ծառին փչանում էր, բայց չեն կարողացել այդ ճանապարհով վաճառքի տանել:


Ճանապարհի վիճակը փոքր-ինչ թեթեւացնելու համար գյուղացիների միջոցներով տոննաներով ավազ ու հող է լցվել, որը, սակայն, ընդամենը մի քանի օր է դիմացել, քամիներն ու անձրեւները դրանք ցրիվ են տվել:

Ճանապարհի վերանորոգման մասին հերհերցիների լսած լուրերը «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը մեր հարցերին ի պատասխան՝ ասաց, որ նշյալ` Մ-2 Կարմրաշեն, ճանապարհի շինարարության մրցույթում հաղթող է ճանաչվել «Բլեսկ» ընկերությունը: Ըստ նույն աղբյուրի՝ կվերանորոգվի 10 կմ 900 մետր երկարությամբ ճանապարհահատվածը: Շինարարության մեկնարկն էլ կտրվի այս տարվա մարտի 1-ին` եթե եղանակային պայմանները չխոչընդոտեն: Պայմանագրով նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 11 ամսում: Ծրագրի արժեքը մեկ միլիարդ 275 միլիոն դրամ է: Շինարարությունն իրականացվում է «Կենսական նշանակության բարելավում» ծրագրի շրջանակներում, որը գյուղական համայնքների համար նախատեսված ծրագիր է եւ իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:

Նախարարությունից հետաքրքրվել էինք նաեւ շինարարության ընթացքից` ճանապարհն ամբողջությա՞մբ է փակվելու:

Հերհերցիները մեզ հետ զրույցում մտահոգություն էին հայտնել, որ վերանորոգման նպատակով ճանապարհը փակվելու դեպքում Վայք հասնելու համար պետք է օգտվեն շրջանցիկ ճանապարհից, որը մի քանի կիլոմետր ավելի է եւ շատ ավելի վատ վիճակում: Նախարարությունից այս առնչությամբ էլ հայտնեցին, որ ճանապարհը չի փակվելու, եւ շինաշխատանքները կազմակերպվելու են այնպես, որ հնարավորինս քիչ անհարմարություն պատճառվի երթեւեկության մասնակիցներին: Համաձայն աշխատանքների պլանի՝ ճանապարհը կփակվի հատվածաբար. մի կողմը փակելու դեպքում մյուս կողմը երթեւեկության համար բաց կլինի:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728