Փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան -ինստիտուտում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ «Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով: Հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, մենակատարն է չինացի դաշնակահար Հայոու Չժանը:
Հայոու Չժանը արժանացել է Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Հեռավոր Արեւելքի երաժշտական քննադատների բարձր գնահատականին:
2018-2019 համերգաշրջանում, որպես մենակատար հրավերներ է ստացել ելույթներ ունենալու բազմաթիվ նվագախմբերի հետ, որոնց շարքում են՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Նյուրնբերգի սիմֆոնիկ նվագախումբը, Վորոնեժի սիմֆոնիկ նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ռուսական կամերային ֆիլհարմոնիկը, Բեռլինի Deutsches Kammerorchester-ը, NDR Radiophilharmonie-ը եւ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկը:
2016 եւ 2017 թվականներին 50 000-ից ավելի երաժշտական իր երկրպագուների համար Հայոու Չժանը շուրջ 30 համերգներով հանդես է եկել Չինաստանի խոշորագույն համերգասրահներում: Համերգային գործունեությունից բացի, նա Հյուսիսային Գերմանիայում հիմնադրել է Միջազգային Music Festival Buxtehude փառատոնը եւ հանդիսանում է վերջինիս երաժշտական ղեկավարը: Զուգահեռ՝ վարպետության դասեր է տալիս Կանադայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում եւ Չինաստանի տարբեր համալսարաններում:
Հավելենք, որ չինացի երաժիշտը լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտն է:
Սեփ. լր.
«Առավոտ»
14.02.2018