Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Պանգալուսը նման արտահայտություն է արել «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս:
Նշվում է, որ 2 երկրների առափնյա նավերի բախման միջադեպի թեմայով հաղորդման ժամանակ Հունաստանի նախկին ԱԳ նախարարը մասնավորապես ասել է.
«Ամենալավ թուրքը մեռած թուրքն է: Ես լավ թուրքի չեմ հանդիպել: Ինչքան էլ բարի կամք դրսևորենք, միևնույնն է, թշնամին անխիղճ է, պետք է նրա հախից գալ»:
Ըստ թուրքական աղբյուրի՝ Պանգալուսի խոսքերը մամուլում խիստ հակազդեցության են արժանացել:
Նշենք, որ Թուրքիայի հանդեպ ոչ բարյացակամ դիրքորոշմամբ աչքի ընկնող Թեոդորոս Պանգալոսը Հունաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրել է 1996-1999 թվականներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը Էգեյան ծովում՝ 2 երկրների սահմանագծին գտնվող Քարդաք կղզու հատվածում (հուն. Իմիա) Թուրքիայի առափնյա անվտանգության պարեկանավը հարվածել է Հունաստանի առափնյա անվտանգության նավին:
Միջադեպի կապակցությամբ Աթենքում Թուրքիայի դեսպանը կանչվել Էր Հունաստանի ԱԳ նախարարություն: Հունական կողմը միջադեպի համար մեղադրել էր Թուրքիային՝ հայտարարելով, որ Անկարան միտումնավոր է սահմանային լարվածություն ստեղծում:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանևրեր է արել Էգեյան ծովում:
Աղբյուր` Ermenihaber.am