Հայաստանյան կրթական չարչրկված համակարգին, կարծես թե, հերթական փորձությունն է սպառնում։ Նախորդ տարվա վերջին կրթության և գիտության նախարարությունը մի քանի տարվա աշխատանքներից հետո ներկայացրեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագիծը, որին կառավարությունն օրերս հավանություն տվեց։
Ու թեև սպասվում էր, որ տարիներ շարունակ պատրաստված օրենքը գոնե որոշ սկզբունքային հարցերի ուղղությամբ, ինչպես օրինակ բուհերի ինքնավարության, ապաքաղաքականացման և ակադեմիական անկախության խնդիրներն են, պետք է լրացներ նախորդի թերություններն ու լիներ մի քանի քայլ առաջ, սակայն սպասելիքներն այդպես էլ չարդարացան. նոր նախագծում տեղ են գտել դրույթներ, որոնք հնարավոր է էլ ավելի խորացնեն արդեն իսկ առկա քաղաքականացվածությունն ու գործադիր վերահսկողությունը բուհական ինքնավարության նկատմամբ։
Ըստ նախաձեռնողների՝ օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը:
Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներ՝ միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար:
Քայլ տեղում
Վերջին տարիներին արված հետազոտությունները փաստում են, որ հայաստանյան բուհերի կրթության որակը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Տարիներ շարունակ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններից և ոչ մեկը տեղ չի գտել կրթական խնդիրների հետազոտություններով զբաղվող բրիտանական Quacquarelli Symonds՝ QS հեղինակավոր կենտրոնի հրապարակած աշխարհի մոտ 900 առաջատար համալսարանների ցուցակում։
Եվ կարծես գործնականում որևէ քայլ չի արվում իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Այս նախագծում առաջարկվող փոփոխությունները միտված չեն բարձրագույն կրթության որակի բարձրացմանը, քանի որ, ըստ էության, դիմորդի կրթվածության մակարդակի մուտքային շեմ կամ չափանիշներ չեն սահմանվում և փոխարենը յուրաքանչյուրի հնարավորություն է տրվում բուհ ընդունվել՝ զուտ «գլխաքանակ» ապահովելու համար:
Բացի այդ, օրենքում նշվում է, որ բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական աստիճանների, կարող են իրականացվել ամբողջական բեռնվածությամբ և (կամ) մասնակի բեռնվածությամբ։ Սակայն օրենքը չի հստակեցնում, արդյո՞ք որևէ մասնագիտությամբ սովորելու և ավարտելու արժեք է հաշվարկվելու և հաստատվելու բուհի կողմից և ուսանողին հնարավորություն է տրվելու այդ արժեքը և ուսումն իրականացնել 4-8 տարվա ընթացքում, թե՞, այնուամենայնիվ, լինելու է ֆիքսված տարեկան վարձավճար ու անկախ ուսուցման տարիներից (4-8) ուսանողն ամեն տարի ստիպված է լինելու վճարել այն: Առաջինի դեպքում դա իրոք կլիներ ուսանողակենտրոն: Սակայն երկրորդի դեպքում՝ դա բացարձակ շուկայական ու շահույթի հետապնդման քայլ է:
Ամենակարևոր մարտահրավերը, թվում էր, թե որակի բարելավման քայլերը պետք է լինեին, մինչդեռ օրենքը չի սահմանում որակի ստանդարտներ։
Հատկանշական է, որ այս օրենքը մշակվել է Համաշխարհային Բանկի կողմից 2013թ.-ին հրապարակված «Կառավարման հետ կապված հարցերը Հայաստանի բարձրագույն կրթության ռեֆորմների կենտրոնում» հաշվետվությունից և Եվրոպայի Խորհրդի կողմից 2015թ.-ին անցկացված «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության վրա ազդող ռիսկերի վերլուծությունը» զեկույցից հետո, որոնցում մատնանշվում էին բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ քաղաքական վերահսկողության, ակադեմիական անկախության սահմանափակման և բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններում շահերի բախումների խնդիրները:
Ու թվում էր, թե նոր օրենքը գալու է այս հարցերին լուծումներ տալու համար, սակայն միջազգային կազմակերպությունների աչքին տեսանելիություն ապահովելուց զատ, այս օրենքով որևէ քայլ առաջ չի արվում։ Այն ինչ նախատեսված է այս օրենքով, նախորդ օրենքները նույնպես տալիս էին այդ հնարավորությունը, դեռ ավելին՝ նախորդ օրենքը կարգավորում էր նաև հետբուհական գործընթացները, ինչն այս օրենքում դուրս է մնացել։
Այս օրենքը չի լուծում նաև բուհերի քաղաքականացվածության խնդիրները, որոնց մասին պարբերաբար խոսվում է ինչպես քաղաքացիական հասարակության կողմից, այնպես էլ միջազգային զեկույցներում:
Հիշեցնենք, որ հայաստանյան բոլոր բուհերի խորհրդի նախագահներն իշխող վարչակազմից են։ Ու ստացվելու է, որ առաջիկայում էլ համալսարանները ծառայելու են իշխանության քմահաճույքներին։ Եվ չնայած նոր օրենքի համաձայն, ոչ մի քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ կամ մարզպետ չի կարող այլևս նախագահել բուհի կառավարման խորհուրդը: Դրա փոխարեն օրենքի նոր նախագծով այսուհետ ՀՀ վարչապետն է հաստատելու հանրային բոլոր բուհերի կառավարման խորհուրդները:
Դրա ապացույցներից մեկն այն է, որ ըստ նոր օրենքի՝ վարչապետն է հաստատելու բուհերի կառավարման խորհուրդը։
Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, կրթության փորձագետ Արևիկ Անափիոսյանը նշում է, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը եվրոպական կենտրոնի ցանցի անդամ է, և քանի որ կան եվրոպական ստանդարտներ և ուղեցույցներ, Անափիոսյանին հետաքրքրում է՝ արդյո՞ք այս օրենքի ընդունմամբ Հայաստանի կողմից հավատարմագրված բուհերը եվրոպական բարձրագույն կրթության տարածքում ևս հավատարմագրված կճանաչվեն։
«Իրենց կողմից առաջ քաշվող ստանդարտներում ասվում է, որ բուհերը պետք է լինեն անկախ, քաղաքականացված չլինեն, սակայն եթե բուհերի խորհուրդը հաստատելու է վարչապետը, ապա մեր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից հավատարմագրված բուհերը կլինե՞ն իսկապես հավատարմագրված»,-ասում է Անափիոսյանը։
Առհասարակ, բավականին շատ հարցեր թողնված է կառավարության որոշմանը, ինչը մեծ ռիսկեր է պարունակում։
Երևանի պետական համալսարանում ուսանած և այնտեղ դասավանդող փորձագետի համար անհասկանալի է նաև, թե ինչու՞ է այս օրենքով Երևանի պետական համալսարանին տրվում բացառիկ դեր, թե ի՞նչ է դա ենթադրում, նույնպես կառավարության որոշմանն է թողնված։
«Եթե պատմական պատճառներով ենք նրան բացառիկ դիրք տալիս, ապա Երևանի պետական բժշկական համալսարանը նույնպես կարող էր բացառիկ դիրք ունենալ, բայց քանի որ քաղաքականացվածությունն եմ ես դիտարկում, մտածում եմ, որ ԵՊՀ-ն այն կենտրոնն է, որտեղից ծնունդ են առնում ուսանողական մեծ թափ ունեցող շարժումները, կարծում եմ, որ բուհի հատուկ կարգավիճակը պայմանավորված է հնարավոր առաջադեմ երիտասարդության կողմից կազմակերպվող ուսանողական և քաղաքացիական շարժումները ճնշելով»,-ասում է Անափիոսյանը։
Կա մտավախություն, որ օրենքի որոշ դրույթներ էլ ավելի կխորացնեն առանց այն էլ առկա զգալի սոցիալական անհավասարությունը։
Օրենքի նորամուծություններից նախաբակալավրի որակավորումն է՝ բարձրագույն կրթության կարճ շրջափուլի արդյունքում շնորհվող որակավորում, որի ուսումնառության ավարտը հավաստվում է համապատասխան ավարտական փաստաթղթով։
Սակայն նախաբակալավրիատի կարգավորումներն այնքան էլ հստակ չեն, ու պարզ չի, թե արդյոք նախաբակալավրիատ կարող է հանդիսանալ ավագ դպրոցի վերջին դասարանը: Եթե այո, ապա զուգահեռներ անցկացնելով անցած տարվա ռեֆորմի հետ՝ ըստ որի ցանկացողները սովորում են մեկ կիսամյակ, այս ամենը սահուն տանում է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի կայացմանը, որը կրկին հանգեցնելու է սոցիալական անարդարությանն ու անհամաչափ հասանելիության խորացմանը, քանի որ աշակերտների մի ստվար խումբ, ովքեր՝ բնակվելով գյուղական բնակավայրերում, հնարավորություն չունեն սովորելու առանձին ավագ դպրոցներում, կրկին դուրս կմնա՝ դառնալով առավել խոցելի և անմրցունակ:
Ավագ դպրոցների 95 տոկոսը քաղաքային համայնքներում են կենտրոնացված և կստացվի, որ գյուղի միջնակարգ դպրոցի վերջին երեք դասարանների երեխաներն այս կրեդիտները ֆիզիկապես չեն կարողանա ստանալ։
Այս օրենքի քողարկված վտանգավոր դրույթներից է նաև այն, որ բուհի դասախոսների վրա դրվում է գիտամանկավարժական գործառույթ՝ ինտեգրելով ազգային, հայրենասիրական գաղափարներ՝ ոչ մի կերպ չարծարծելով բուհական համակարգի ներսում քննական մտածողության զարգացումը, գիտական հետազոտությունների, գիտական մտքի զարգացումը։
Ստացվում է, որ գիտամանկավարժական գործառույթների վերագրմամբ բերում են ազգայնականության դոկտրինին ուղղված բարձրագույն կրթության համակարգ, որտեղ քննական մտածողությունը վերանում է։
Օրենք՝ օրենքի խախտումներով
Հատկանշական է, որ կրթության ոլորտի պաշտոնյաների մեկնաբանություններում առկա մի շարք կետեր հանրությանը հասանելի փաստաթղթում չկան։ Ստացվում է, որ այն կամ ոչ ամբողջական է, կամ էլ՝ պաշտոնյաները մոլորեցնում են ու ավելի խոստումնալից ներկայացնում օրինագիծը:
Մասնավորապես, հունվարի տասին armtimes.com կայքին տված հարցազրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, խոսելով բուհերի վճարման համակարգի մասին, ասել է՝ որոշակի «փոփոխություններ կլինեն ֆինանսավորման մասով, կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ՝ առաջադիմության, կարիքի վրա հիմնված: Եվ եթե ուսանողը բավարարի այդ չափանիշներին, պետության կողմից կստանա ամբողջական կամ մասնակի փոխհատուցում»:
Հարցազրույցում նշվում է նաև, որ «Փոխհատուցումը կլինի առաջին կուրսից», սակայն, թե առաջին կուրսի որ կիսամյակից, նույնպես որևէ խոսք չկա։ Խնդրահարույց կետեր են, որոնք ուսանողին փաստի առաջ են կանգնեցնելու։
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասում է, որ նմանատիպ վարվելակերպը ծանոթ ձեռագիր է և արվում է հարկ եղած դեպքում մանևրելու համար։
«Իրականում մենք սեղանին ունենք ոչ թե մեկ, այլ երկու օրենքի նախագիծ, այսինքն՝ երկու տարբեր բան խառնել են իրար։ Մի կոմպոնենտը մեր միջազգային պարտավորություններն են, որոնք մենք, այսպես թե այնպես, պետք է կատարենք, մյուսն այն թաքուն բաներն են, որ բերել-լցրել են օրենքի նախագծի մեջ, և, երբ խոսում ես ամբողջ օրենքի դեմ, ստացվում է, որ դու դեմ ես առաջադիմությանը։ Սա արդեն ձեռագիր է դարձել հանրապետականների կողմից»,- ասում է Միրզոյանը։
Ըստ պատգամավորի՝ վարչապետի կողմից բուհական խորհուրդների կազմը հաստատելու մասին դրույթը հաստատում է այն թեզը, որ ոլորտ առ ոլորտ, ճյուղ առ ճյուղ Հանրապետական կուսակցությունն իր օրինագծերի միջոցով հաստատում է վարչապետի տոտալ վերահսկողություն։
Վեց գլխից և 30 հոդվածից բաղկացած օրենքը հայաստանյան իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՝ e-draft.am-ում, տեղադրվել է դեկտեմբերի մեկին և քննարկվել մինչև դեկտեմբերի 21-ը։ Օրենքի ամփոփաթերթ-ում, որտեղ նշվում են հանրային առաջարկությունները, արվել է 41 առաջարկ, որոնցից 25-ն արել է «Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան»-ը, 15-ը՝ «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպությունը, մեկն էլ՝ Մարիան Թումանյան օգտատերը։ Այս առաջարկներից ընդունվել է միայն վեցը, ևս 13-ն ընդունվել է ի գիտություն։
Այս ընթացքում նաև հանրային քննարկումներ են անցկացվել, եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են։
Սակայն, հատկանշական է, որ e-draft-ում որպես մեկնաբանություն նշված «ընդունվել է» առաջարկություններից որոշները չեն ներառվել և կառավարության կողմից հաստատված փաստաթուղթն առանց այդ փոփոխությունների է։
«Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան»-ը առաջարկել է ակադեմիական ազնվություն և ազնվության վարքականոն բառերը փոխարինել ակադեմիական բարեվարքություն եզրույթով, որը ավելի լայն հասկացություն է և ընդգրկուն ներկայացնել, թե ինչ է ակադեմիական բարեվարքությունը, համարվել է ընդունելի, գրված է, որ համապատասխան հատվածներում կարվեն փոփոխություններ, սակայն առ այս պահը հոդված երեքում չի ներառվել:
Թվում էր, թե օրենքը հնարավորություն կտա հստակ որոշել, թե քանի տեսակի բարձրագույն կրթական հաստատություն կլինի Հայաստանում, սակայն օրենքում թվարկված է՝ «համալսարան, ինստիտուտ, ակադեմիա, կոնսերվատորիա և այլն», ինչը նշանակում է, որ խնդիրը կրկին չի լուծվում։
Բացի այդ, օրենքում նշվում է, որ արգելվում է բուհերի վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ բուհում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
Սակայն պարզ չէ, թե տվյալ քաղաքացիներն ինչպես պետք է հիմնավորեն իրենց «հայազգի» կամ «ծագումով հայ» լինելու փաստը (եթե այդ մասին նշված չէ անձնագրում կամ այլ իրավական ուժ ունեցող փաստաթղթում):
Այս կետի մասով նույնպես առաջարկվել է փոփոխություն, սակայն նշվել է, որ ընդունվել է ի գիտություն, սակայն առաջարկվող դրույթները սույն օրենքի կարգավորման առարկա չեն: Մինչդեռ իրավական ակտերի մասին օրենքը հստակ պահանջում է, եթե որևէ կետի ընթացակարգային լուծումը նախատեսված է այլ փաստաթղթով, պետք է հղում տալ։
Ստացվում է, որ այս օրենքն արդեն իսկ գրված է օրենքի խախտումներով։
Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ