Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի համար դոնորների թափանցիկ ֆինանսավորումն ապահովելու մեխանիզմ է խոստանում կառավարությունը

Փետրվար 14,2018 21:33

Փետրվարի 15-ի կառավարության նիստի օրակարգում է ներառված «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը:

Ըստ այդ, առաջարկվում է, որպեսզի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինն իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ապահովման աշխատանքների համակարգում:

Ընդ որում, խորհուրդը, ըստ որոշման նախագծի, պետք է հերթական նիստերից զատ, ըստ անհրաժեշտության, ոչ պակաս, քան տարին մեկ անգամ գումարի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության ապահովման աշխատանքների համակարգման նիստ»:

Այս որոշումը կառավարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ կառավարության համար դոնորները կարեւոր են: «Դոնորները առանցքային դեր են խաղում Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու գործընթացին աջակցելու հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող միջոցառումներ ֆինանսավորվում են դոնորների կողմից»,-գրված է նախագծում:

Նաեւ նշվում է՝ « Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 3-րդ փուլի շրջանակներում գնահատող խմբի Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հաստատեցին, որ դոնորների համակարգումը հանդիսանում է լուրջ մարտահրավեր, եւ որեւէ արդյունավետ մեխանիզմ չկա, որով հնարավոր կլիներ ապահովել առաջնային միջոցառումների ֆինանսավորումը եւ խուսափել կրկնակի ֆինանսավորումից»:

Ըստ նախագծի, հենց Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրով է առաջարկվել ՀՀ-ին ստեղծել դոնորների հետ համագործակցության եւ մոնիթորինգի աշխատանքային խումբ:

Նախագծում վստահեցնում են՝ այս որոշումն ընդունելու արդյունքում կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում դոնորների կողմից հետագայում արդյունավետ ու թափանցիկ ֆինանսավորում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728