Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը կարևոր է համարում, քանի որ նրանց գործունեությունը ուղղված է ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Ըստ նրա` համանախագահող երկրների ներկայացուցիչները որոշակի ջանքեր գործադրում են արդյունքի հասնելու համար: Aravot.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի փոխխոսնակը նշեց,որ վերջին շրջանում միջնորդ երկրները պարբերաբար խոսում են վստահության մթնոլորտի ստեղծման մասին, ինչը իսկապես անչափ կարևոր է:
«Ցավոք ադրբեջանական իշխանության անխոհեմ քաղաքականության հետևանքով այս հակամարտությունը, բավականին սրվեց` հասարակության լայն շերտերում հակահայ քարոզչության տարածմամբ, սակայն Ադրբեջանը դեռ դրա դառը պտուղները կքաղի, որովհետև ատելության հողի վրա անհնարին է երկիր պահել, մանավանդ, չհիմնավորված ատելության»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի դիտորդների թվի ավելացմանը, Վ. Բալայանը վստահ չէ,որ դրանից կարելի է հարցերի լուծում ակնկալել, սակայն կարելի է համարել դրական նշանակություն ունեցող մեկ քայլ:
Խոսելով Մինսկի խմբի համանախագահների անհասցե հայտարարությունների վերաբերյալ` Վ. Բալայանը ասաց, որ նրանք ճիշտ ճանապարհ չեն ընտրել. «Վերջիվերջո այստեղ նաև համաշխարհային հանրության ընկալման հարց գոյություն ունի: Նրանց կողմից պետք է հասցեական գնահատականներ տրվեն, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, թե ով է պատերազմ հրահրողը և ով է խոչընդոտում վերջնական խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»:
Բացի այդ, նշում է` գաղտնիք չէ նաև, որ երկու կողմերն էլ բավականին ակտիվորեն զինվում են և մեծ քանակությամբ կուտակած զենք ունեն: Իսկ լայնամասշտաբ պատերազմի պարագայում ռազմական գործողությունները կարող են դուրս գալ Արցախի և Ադրբեջանի տարածքից և սպառնալ նաև տարածաշրջանին: Այդ իսկ պատճառով Մինսկի խմբի կողմից ամեն մի սադրանքին ժամանակին ճիշտ գնահատականներ տալը հնարավորություն կտա նաև միջազգային հանրության կողմից ռեալ ճնշումներ գործադրել ագրեսորի` այս պարագայում Ադրբեջանի վրա:
«Իլհամ Ալիևը երկրի առաջնորդին ոչ վայել պահվածքով լավ բանի չի հասցնի իր երկրին: Իհարկե, ներքին լսարանի համար նա միշտ փորձում է հերոսական ուժով և ամենակարող կերպարով ներկայանալ: Սակայն, երբ ադրբեջանական հասարակությունը սթափվի, կհասկանա, որ պարզապես խաբված վիճակում է հայտնվել»,-եզրափակեց նա:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ