Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձիք եւ դատապարտյալները չեն կարող աշխատանքի անցնել այն շինություններում, որոնցում տեղակայվում է հսկողություն իրականացնող անձնակազմը, ինչպես նաեւ, որտեղ պահվում են զենք, ծառայողական փաստաթղթեր կամ հատուկ տեխնիկական միջոցներ:
Նրանք չեն կարող կատարել նաեւ պահպանության ինժեներական կամ տեխնիկական միջոցների սպասարկման կամ նորոգման աշխատանքներ: Դեղորայքի, դեղանյութերի, բժշկական նշանակության առարկաների պահպանման, հաշվառման, բաշխման, պատրաստման կամ արտադրության մեջ կալանավորվածներն ու դատապարտյալները նույնպես չեն կարող ներգրավել:
Այս ցանկը սահմանել է արդարադատության նախարարությունը, որը փետրվարի 15-ի կառավարության նիստում կներկայացնի նախագիծ:
Վերոնշյալ անձիք չեն կարող աշխատել նաեւ զենքի, թունավոր, պայթուցիկ կամ հրդեհավտանգ նյութերի պահպանման, հաշվառման, բաշխման կամ արտադրությունում: Ինչպես նաեւ` հեռահաղորդակցության, վիդեո-աուդիո ձայնագրող սարքերի եւ նկարահանող այլ տեխնիկայի օգտագործման միջոցով կատարվող աշխատանքներում:
Արգելված աշխատանքների ցանկից տեղեկանում ենք նաեւ, որ դատապարտյալներին իրավունք չունեն վստահել մթերային կամ իրերի պահեստների պահպանման աշխատանքներ, ինչպես նաեւ այդ պահեստներում` որպես վաճառողի, գանձապահի, հաշվապահի կամ պետի հաստիքը: Ոգելից խմիչքների արտադրությունում նրանք նույնպես չեն կարող աշխատել, կացինների, դանակների կամ այլ սուր, կտրող, ծակող գործիքների կամ առարկաների արտադրությունում` նույնպես:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ