Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ

Փետրվար 14,2018 20:21

Փետրվարի 13-ին Հայաստանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ, դարձավ Կոմիտեի բյուրոյի փոխնախագահ մեկ տարի ժամկետով՝ ստանալով Կոմիտեի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Բյուրոյի անդամների առաջադրումը կայացել էր Կորեայի Հանրապետությունում 2017 թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունեցած Կոմիտեի 12-րդ նստաշրջանի ընթացքում քննարկումների ժամանակ, իսկ վերջնական հաստատումն իրականացվել է ս․թ․ փետրվարին կայացած էլեկտրոնային խորհրդակցությունների ընթացքում։

Հայաստանը Կոմիտեի անդամ է հանդիսանում 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:

Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում անցկացվող խորհրդաժողովի բացմանը

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց «Գեղարդի վանական համալիրի ժայռափոր եկեղեցիների և ջրահեռացման համակարգի պահպանության և ամրակայման մեթոդաբանությունները» խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում:

Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ խորհրդաժողովի կազմակերպման նպատակն է աջակցել Գեղարդի վանական համալիրի առավել արդյունավետ պահպանմանը` ջրահեռացման համակարգի նոր մեթոդաբանությունների մշակման միջոցով։ Հաշվի առնելով, որ 2000 թվականից Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Համաշխարհային ժառանգության ցանկում, որպես մարդկության համար առավել մեծ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ՝ դրանց պահպանումը չափազանց կարևոր է:

Մաղթելով հաջողություն խորհրդաժողովի աշխատանքներին՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ խորհրդաժողովի փորձագետների կողմից մշակված մեթոդաբանությունը կարևոր նախադեպ կհանդիսանա մյուս մշակութային վայրերի պահպանման համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում:

Տեղեկանք. Միջկառավարական կոմիտեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի գլխավոր մարմիններից է և բաղկացած է տարածաշրջանային վեց խմբերը ներկայացնող 24 անդամից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728