Հարգելի խմբագրություն, ձեր թերթի փետրվարի 10-ի համարում հրապարակված՝ անկախ լրագրող Զարինե Գրիգորյանի՝ «Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող» հոդվածում անդրադարձ է եղել նաև իմ անձին:
Ցանկացած՝ քիչ թե շատ ուսյալ ընթերցողի համար պարզ է, որ ինձ վերագրվածը, չնայած գույների հնարավորինս խտացմանն անգամ, պարզապես անհեթեթություն է: Բայց և, ինքնին պարզ է, նման շեշտադրությամբ հոդվածում ցանկացած մանկավարժին հիշատակելն արդեն կարող է ձևավորել բացասական կարծիք: Համենայն դեպս, ես խորապես վիրավորված եմ: Մինչդեռ շուրջ 19 տարի է՝ աշխատում եմ որպես մանկավարժ (սկզբից՝ Գորիսի Յու.Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում, ապա՝ Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում), մասնակցել եմ բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների: Դպրոցն ավարտել եմ մեդալով, բարձր առաջադիմությամբ ավարտել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, ինչպս նաև գերազանց գնահատականներով ավարտել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան: Ավարտել եմ թեկնածուական թեզս և ներկայացրել ամբիոնի քննարկմանը, գիտական 4 հոդվածների և մեկ ձեռնարկի հեղինակ եմ: Փորձի փոխանակման նպատակով եղել եմ ԱՄՆ-ում, վերապատրաստող ուսուցիչ եմ, ունեմ հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճանի տարակարգ, հանրակթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր: Ու եթե իմ կարգի մանկավարժն է դատապարտելի, էլ ու՞մ պիտի ապավինեն մեր աշակերտը, նրա ծնողն ու մեր կրթական համակարգը: Կարծում եմ՝ մեր ոլորտին անդրադարձ կատարողը պիտի լինի հնարավորինս բարեխիղճ և անաչառ: Առանց այդ էլ մանկավարժները մեր օրերում ամենաքիչ պաշտպանված, ամենախոցելի խավերից են, և մանկավարժական ոլորտում նման մոտեցմամբ ինչ-ինչ հանցանքներ ու խախտումներ փնտրելը նույնն է, ինչ հայտնի ասույթում սև կատվին գտնելը:
Հարգանքներով՝ Քաջարանի թիվ 1 դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Նելլի Մելքումյան
Հ. Գ. Ավելորդ չէր լինի նշել, որ հոդվածը հրապարակելուց րոպեներ առաջ ինձ զանգահարել են անծանոթ համարից, ներկայացել որպես անկախ լրագրող (առանց նշելու անուն,ազգանունը) պահանջել, որ պատասխանեմ ինձ առաջադրվող հարցերին: Բնականաբար, ես հրաժարվել եմ պատասխանել, քանի որ չգիտեի, թե ում հետ եմ խոսում:
Իսկապես այս պարագայում, մենք պետք է որրդեգրենք մի գաղափար․ երբեք տուրք չտալ ուսուցչի բարի համբավը արատավորող և սկզբունքներին հակասող և ոչ մի երևույթի, այլապես այլ պետությունները կարող են անարգել գողանալ մեր լավ մասնագետներին