Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյան. «Երկու կողմից էլ շատ անհաջող սցենար էր»

Փետրվար 14,2018 16:12

«Երեւանի ավագանու գործառույթներին դեմ, շատ վատ բեմականացված եւ վատ դերակատարներ ունեցող ներկայացում էր»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի գնահատականն է`երեկ, Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցածին : Ռուզաննա Մուրադյանը նախ ճիշտ չի համարում «Երկիր ծիրանիի» կողմից խնդիրը բարձրացնելու, խնդիրն առավել առարկայացնելու, հանրության շրջանում տեսանելի դարձնելու համար ընտրված ճանապարհը. «Խնդիրների լուծման ավելի քաղաքակիրթ ճանապարհ պետք է ընտրեին եւ այդ ճանապարհը կա`մասնակցել ավագանու նիստերին, հարցեր բարձրացնել, նախաձեռնություններ ներկայացնել»:

Այս իմաստով մեր զրուցակիցն օրինակ է բերում այժմ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, որը տարիներ շարունակ առանց շոուների շատ բարեհաջող կարողանում է շատ կարեւոր հարցերի լուծումներ գտնել:

«Այս յոթ ամիսների ընթացքում իմ դիտարկումներից մի եզրահանգում եմ արել`«Երկիր ծիրանի» խմբակցության նպատակներում ավագանու գործառույթներն այդքան էլ տեղ չունեն: Իրենք իրենց խոստման համաձայն փորձում են շոուներ սարքել, դրանց միջոցով հարցեր բարձրացնել: Ինչ խոսք, կան խնդիրներ, բայց դրանց լուծման ճանապարհը հստակ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տիկին Մուրադյանը:

«Երկիր ծիրանիին» ուղղված քննադատությունները նշանակո՞ւմ են, որ ՀՀԿ-ական պատգամավորն արդարացնում է իր կուսակիցների պահվածքը: Ռուզաննա Մուրադյանն ասում է`բռնությունն իր համար առհասարակ անընդունելի է եւ դատապարտելի`անկախ նրանից`կինն է տղամարդու փողկապից քաշում կամ ապտակում տղամարդուն, թե՞ տղամարդն է ուժ կիրառում. «Երկու կողմից էլ համարում եմ, որ շատ անհաջող սցենար էր: Քաղաքական ուժերի, քաղաքական ինստիտուտի հեղինակությանը պատիվ չբերող: Իրավիճակ ստեղծվեց, որ ոչ մեկին հաճելի չէր»:

Այս ամբողջ պատմության մեջ Ռուզաննա Մուրադյանի համար մի բան անհասկանալի է մնացել` եթե «Երկիր ծիրանիի» անդամները նպատակ ունեին քաղաքապետին եւ քաղաքային իշխանությանն իրազեկել խնդրի մասին, ինչո՞ւ էին մի քանի տարայով բերել այդ կեղտաջրերը: Նաեւ ասում է`երեկվանից բոլորն այս միջադեպը  քննարկում են կին-տղամարդ իրավունքի տեսանկյունից: Բայց իրեն հետաքրքիր է. «Ունի՞ ավագանու անդամը իրավունք` կեղտաջուրը բերել նիստին կամ նիստի բնականոն ընթացքը  խանգարելու իրավունք»: Անկախ ամենից, նա պնդում է`շոուներով հարցեր չեն լուծվում, մանավանդ, որ այս պատմություններից հետո հետաքրքրվել եւ իրազեկվել է`խնդիրն արդեն բարձրացված է եղել, եւ դրան լուծման ընթացք էր տրվել:

Նկատեցինք`«Երկիր ծիրանիի» քայլը գուցե ծայրահեղ էր, բայց քաղաքային իշխանությունն ինքն է դրդում նման քայլերի, քանզի մայրաքաղաքում կան խնդիրներ, որոնք արդեն 25 տարի լուծում չեն ստանում, իսկ անկախ Հայաստանի գոյության օրից, մեծամասամբ, Երեւանը ՀՀԿ-ական քաղաքապետեր է ունեցել: «Համաձայն եմ, որ ունենք չլուծված խնդիրներ: Բայց փաստ է նաեւ, որ քաղաքային իշխանությունների կողմից այս տարիներին շատ խնդիրներ նաեւ լուծվել են: Որեւէ քաղաքում կամ երկրում բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվում: Ամեն ինչ համեմատության մեջ պետք է գնահատել: Ընդհանուր առմամբ, եթե համեմատում ենք Երեւանն այլ մայրաքաղաքների հետ, բավական մաքուր, լուսավոր, կանաչապատ քաղաք է դարձել: Օբյետիվ լինենք, որ կարողանանք խնդիրները ճիշտ լուծել: Խնդիրներ, որոնց մասին խոսում են նաեւ քաղաքային իշխանությունները, որոնցով ձեւավորվում է նաեւ ավագանու օրակարգը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728