Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ գիտե, թե որքան տարածք, բնակարան ունի քաղաքապետարանը ոչ պաշտոնական ցուցակներում. Անահիտ Բախշյան

Փետրվար 14,2018 16:02

Երեկ ավագանու նիստում  կատարված դեպքը  լրատվության ուշադրությունից դուրս թողեց  օրակարգի  «Երևան համայնքի սեփականության 2017թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» շատ  կարևոր կետի քննարկումը:  Ինչո՞ւ էր այն կարևոր, որովհետև թե՛ հողի, թե՛  գույքի  աճուրդների մասին հայտարարություններում աճուրդի ներկայացված գույքը պետք է համարվի  Երևան քաղաքի  սեփականություն ու գույքագրված լինի վերոնշյալ փաստաթղթում: Սույն հարցի մասին իմ ելույթն այն մասին էր, որ աճուրդի դրվող գույքի ցուցակում  շատ հաճախ հանդիպում ենք  Երևանի սեփականություն  չհանդիսացող գույքի: Մասնավորապես, Երևանի կայքում դրված ս.թ. փետրվարի 8-ի գույքի  աճուրդի հայտարարության մեջ 55 անվանմամբ գույք է դրված, որոնցից 37-ը առկա է Երևանի սեփականություն հանդիսացող գույքի փաստաթղթերում, իսկ 18-ը՝ ոչ: Նույն պատկերն է հողի աճուրդի ժամանակ: Ո՞րտեղից այդ 18 անուն գույքը, որը չլինելով Երևանի սեփականություն, դրվում է աճուրդի: Փաստորեն քաղաքապետարանն ունի 2 ցուցակ, մեկը Երևանի ավագանու կողմից հաստատված, մյուսը՝  իրենց գրպանի համար: Ո՞վ գիտե, թե որքան տարածք, բնակարան ունեն ոչ պաշտոնական ցուցակներում ու «լավություն» են անում որոշակի ծառայություների դիմաց: Սա ի՞նչ է, եթե ոչ  կոռուպցիայի մասին փաստ:

Ի դեպ, դրանցից մեկն էլ  նշված է  Դավթաշեն 3-րդ թաղամաս 23/1  վարչական շենք, 229.93 ք.մ., որը գույքի ցուցակում գրավում է 429-րդ համարը: Այսպիսի  անօրեն  գործունեության արդյունքում  էլ հաճախ  շինթույլտվություն  է տրվում   ոչ համայնքային, այլ՝ հանրային  սեփականություն  հանդիսացող   գազոնի, օրինակ՝  Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան փողոցի գազոն, շենքերի կանաչ տարածքների /Թոթովենց 3/, պուրակների վրա  ծլող  շինություններին, որոնք  հաճախ իրականացվում են   տարածքի  ծառերի հաշվին:   Կարծում եմ  չեք կասկածում, թե քանի օրինակ ևս կարող եմ բերել: Իհարկե  պարոն Ամյանը չհամաձայնվեց իմ բերած փաստի հետ ասելով , որ ցուցակը լավ չեմ նայել: Հնարավոր է, ստուգելու համար թե՛ ինձ, թե՛ 08.02.2018թ. հայտարարությամբ աճուրդի ներկայացված   ցուցակը, ես այսօր  դիմեցի քաղաքապետին տեղեկանք տրամադրելու խնդրանքով այն մասին, թե վերոնշյալ հայտարարության 55 գույքը Երևանի սեփականության գույքի ցուցակի  ո՞ր  համարների տակ են գրված, ինչպես նաև առաջարկեցի  աճուրդի հայտարարությունների մեջ հասցեների կողքին անպայման գրել վերոնշյալ ցուցակում գույքի համարը:

Անահիտ Բախշյան, Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728