Ինչպես արդեն հայտնել ենք, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Ուսանողներից մեկը հետաքրքրվեց ղարաբաղյան խնդրի կարգավորումից, հայկական կողմի փոխզիջումից: Փաշինյանն ասաց, որ փոխզիջումային կարգով հարցը լուծելը շատ տրամաբանական է, բայց բոլորն էլ այսօր հասկանում են, որ դա հնարավոր չէ. «Երբ ասվում է փոխզիջում, կողմերից յուրաքանչյուրը պետք է առնվազն իր պատրաստակամությունը ցույց տա, թե ինքը ինչ է պատրաստ զիջել: Ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը պատրաստ է որեւէ բան զիջել: Ինքնանպատակ զիջման մասին խոսելը կարող է նույնիսկ վնասակար լինել: Երբ դիմացինդ ասում է՝ հեսա գալու եմ քեզ մորթեմ, տունդ քանդեմ, ավերեմ, դու ասում ես՝ մի բան էլ ես ասեմ, ես պատրաստ եմ փոխզիջումների, մի քիչ ծիծաղելի է»:
Փաշինյանն ասաց, որ «Ոչ մի թիզ հող» տրամաբանությունը հենված է Ադրբեջանի տրամաբանության վրա. «Իրենք ասում են՝ մինչեւ Էջմիածին քշելու ենք, մենք ասում ենք՝ եկեք ազատագրված տարածքների մի մասը զիջենք, որտե՞ղ է տրամաբանությունը»:
Ըստ Փաշինյանի, եթե մի բան զիջենք, իրենք հո չե՞ն ասելու, ջա՜ն, արդեն մենք ախպերներ ենք, արդեն ստիպելու են նոր զիջումների գնալ:
Նա ասաց, որ հիմա եթե որեւէ իշխանություն ասի, որ տարածքներ ենք զիջելու, ժողովուրդը կսրբի նրանց, բայց եթե որեւէ իշխանություն հստակ իմանա, որ Ադրբեջանը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը եւ դրա դիմաց որոշ տարածքներ զիջի, ժողովուրդը կընդունի դա, որովհետեւ կհասկանա ինչ է ստանում:
Փաշինյանն անդրադարձավ նաեւ ապրիլյան պատերազմին՝ ասելով. «Ապրիլյան պատերազմը խայտառակություն էր մեզ համար, որովհետեւ պարզվեց՝ առաջնագիծը բարձիթողի վիճակում է, կատարյալ բարձիթողի»: Նա հայտարարեց, որ թեեւ ասում են, որ դրանից հետո առաջնագիծը կահավորվել է, բայց այդ ինֆորմացիան ճիշտ չի, ու եթե հիմա դրա մասին չխոսեն, վաղը հետին թվով կափսոսան: Նա ասաց, որ նուրբ հարց է, բայց ստիպված է խոսել այդ մասին. «Ապրիլի պատերազմից հետո ես ինքս ինձ մեղադրում էի, որ դրանից առաջ շատ դեպքերում ասել եմ՝ բանակի պրոբլեմն է, եկեք բանակից չխոսենք, թուրքը չիմանա, թուրքին ինֆորմացիա չտանք, արդյունքում մենք պրոբլեմ ենք ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ