Այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի իրենց խմբակցությունում հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպման մեկնարկին Փաշինյան անդրադարձավ երեկ Երեւանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքին. «Խստորեն դատապարտում եմ ՀՀԿ խմբակցության անդամների պահվածքը եւ այդ պահվածքը համարում եմ քուչայական եւ ավելի կոպիտ ձեւակերպումների արժանի, որովհետեւ այդպիսի բռնությունները գործադրելը ավագանու անդամների նկատմամբ որեւէ պարագայում արդարացում ունենալ չի կարող»:
Ըստ Փաշինյանի` քաղաքապետարանից դուրս էլ նման պահվածքը չի կարող արդարացվել: Իսկ թե ինչպես է գնահատում «Երկիր Ծիրանիի» անդամների քայլը՝ Փաշինյանն ասաց. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երեւանի ավագանի, ո~նց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը: Դուք գիտեք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հարեւանությամբ կա փոքրիկ բնակելի հատված՝ մի քանի բնակելի շենքեր եւ տարիներ շարունակ այդ քրեակատարողականի կոյուղին խափանվում է պարբերաբար, եւ կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի տարածքը, գարշահոտը տարածվում է: Նախորդ օրը նրանք ակցիա էին արել եւ ճանապարհը փակել էին՝ բողոքելով իրավիճակից: Տվյալ դեպքում Երեւանի ավագանու «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները պարզապես քաղաքացիների ուղերձը հասցրել են Երեւանի ավագանի: Ձեւերի հետ կապված կարելի է քննարկել, վիճել, բայց դա օգտակար ակցիա է եւ օգտակար գործողություն»:
Ըստ Փաշինյանի` այն մարդիկ, որոնք իրենց համարում են բարձրաստիճան պաշտոնյա, իրենց աշխատասենյակներում փակվում են եւ իրականությունից կտրվում, ուստի երեկվա ակցիան օգտակար էր՝ ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի,այլ առհասարակ բոլոր պաշտոնյաներին իրականություն վերադարձնելու առումով. «Ակցիան իրականացնելիս՝ «Երկիր Ծիրանիի» անդամները ցուցաբերել են որոշակի քաղաքացիական եւ քաղաքական խիզախություն եւ ես լիովին ընդունում ու հասկանում եմ»:
Փաշինյանն ասաց, որ պետք է մտածել Երեւանի ավագանու գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու մասին:
Ուսանողներից մեկը հարցրեց՝ «Նուբարաշենի իրավիճակը ներկայացրիք, «Երկիր Ծիրանի» կուսակցությունն էլ փորձել էր ցույց տալ, որ հարցը հասել է այն մակարդակին, որ ավելի քաղաքակիրթ էլ չենք կարող այս հարցը բարձրացնել: Հիմա կարող եք արդարացնել այդ քայլը, բայց քաղաքացիների տեսանկյունից նայենք, ստեղծվել է տպավորություն, որ հարցերը արդեն ուզում են լուծել փողոցային ձեւերով, քաղաքակիրթ չենք կարող հարցին մոտենալ: Գռեհիկ պահվածք ես տեսել եմ նաեւ հենց իրենց կողմից»: Փաշինյանը պատասխանեց, որ երբ Նուբարաշենի քաղաքացիները պարբերաբար ահազանգում են իրենց պրոբլեմի մասին, որ իրենք գարշահոտության մեջ են ապրում եւ գարշահոտության մեջ չապրող պաշտոնյաները ասում են՝ հա, եղավ, կլուծենք ու չեն լուծում, այդ քայլը տեղին է համարվում. «Ես «Նուբարաշենում» նստել եմ, այդ պրոբլեմը այն ժամանակներից դեռ չլուծված պրոբլեմ է: Ես հասկանում եմ ձեր հարցը, թե ինչքանով է ակցիան պրոբլեմին ադեկվատ, կարծում եմ, որ ադեկվատ է: Ժամանակ առ ժամանակ այսպիսի սթափեցնող երեւույթները օգտակար են»:
Ուսանողները հարցրին՝ հիմա այս ակցիայից հետո Նուբարաշենի հարցը լուծվելո՞ւ է, Փաշինյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ կլուծվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ