Օրերս Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանին «հարմար» գներով գազ վաճառել:
Սեյեդ Սաջադին Իրանի առաջին դեսպանը չէ, որ նման հայտարարություն է անում: Նրան նախորդող դիվանագետը նույնպես նման հայտարարություն էր արել: Իրանական էժան գազի մասին խոսակցություններն ակտիվացան 2013-ին, ապա 2016- ին: 2013-ին, այդ խոսակցություններին ի պատասխան, Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ իրանական կողմն այսօր Հայաստանին գազ է առաջարկում սահմանին 1000 խորանարդ մետրը 400 դոլար գնով` ավելի թանկ, քան Ռուսաստանից ներմուծվողը:
Այդ ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեյիսին մամուլի ասուլիսում պարզաբանեց`Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ: Մոհամմադ Ռեյիսին նաեւ հայտարարել էր, որ տեսականորեն ոչինչ չի խանգարում Իրանին սովորական երկրներին գազը վաճառել $400-ով, բարեկամական երկրներին՝ $100-ով: Երեք տարի անց`2016-ին այս խոսակցություններին անդրադարձավ նաեւ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը`փաստելով, որ երեք տարի անց էլ Հայաստանը Իրանի հետ գազի մատակարարման հարցով բանակցություններ չի վարում: «Այդ հարցով լուրջ բանակցություններ չեն էլ տարվել»,- ասել էր Երվանդ Զախարյանը` հավելելով, որ Իրանի դեսպանի կողմից չի եղել հայտարարություն, որ Իրանը պատրաստ է ավելի էժան գազ տալ Հայաստանին, քան Ռուսաստանը. «Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել 100 դոլարով գազ: Իրանն այսօր էլ չի առաջարկում ավելի էժան գնով գազ, քան Հայաստանին տրամադրում է Ռուսաստանը: Մենք տիրապետում ենք գազի բնագավառի հետ կապված ամբողջ տեղեկատվությանը: Թող ձեզ չթվա, մենք այստեղ նստած ինչ-որ այլ բաներով ենք զբաղված: Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում: Ես սա պատասխանատվությամբ հայտարարում եմ»:
Ուզում էինք մի փոքր ուրախանալ`փաստելով, որ վեց տարի անց առաջընթաց ունենք, քանի որ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել էր, որ Հայաստանին մատակարարվող իրանական գազի ծավալների մեծացման շուրջ բանակցություններ են գնում, գազի գինն էլ հարմար կլինի: Բայց: Սրան հետեւեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է. «Մշտական քննարկումները շարունակվում են, դրանք երբեք չեն դադարել: Իրանական կողմն է ասել, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել: Մենք չունենք գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է»:
Որտե՞ղ է թաղված այս գազային թնջուկի «շան գլուխը», իրանական կողմն իսկապե՞ս պատրաստ է հայկական կողմին ավելի էժան գնով գազ վաճառել, արդյոք զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով ենք շարունակում ռուսական գազի ավելի մեծ ծավալներ գնել, թե՞ իրանական կողմից էլ չլուծված-չհստակեցված խնդիրներ կան`Aravot.am-ի հարցերին իրանագետ Վարդան Ոսկանյանն այսպես պատասխանեց, որ չի կարծում թե այստեղ քաղաքական դրդապատճառների հետ գործ ունենք. «Իրականում, կարծես թե, իրանական գազը`գնի առումով, չի կարողանում մրցակցել Հայաստանի սահմանին ռուսական գազի արժեքի հետ: Այլ խնդիր է, որ այդ գազը հասնելով սովորական սպառողին, դառնում է շատ ավելի թանկ»: Գազային այս թնջուկում, մեր զրուցակիցը մի կարեւոր հանգամանք է մատնանշում. «Հայ-իրանական գազային գործակցությունը չափազանց հետաքրքիր եւ արդյունավետ կարող է լինել, հատկապես այդ գործակցության ընդլայնումը, որովհետեւ այժմ Հայաստանը եւ Իրանը էներգետիկ ոլորտում համագործակցում են`«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում եւ երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շահագործումից հետո դեպի Հայաստան եկող իրանական գազի ծավալները 3-5 անգամ կավելանան: Կարեւոր խնդիրը, որին հայկական կողմը պետք է շատ լուրջ վերաբերվի`եռակողմ ձեւաչափի`Հայաստան-Իրան-Թուրքմենստան, համագործակցության ձեւավորումն է»: Սա, ըստ փորձագետի, գազի հսկայական ծավալներ ունեցող Թուրքմենստանին հնարավորություն կտա Իրանի միջոցով գազ մատակարարել ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ այլ երկրների`Վրաստան, հետագայում` նաեւ եվրոպական երկրներ: «Նույնը վերաբերվում է Հայաստան-Վրաստան-Իրան ձեւաչափին»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ նշանակալին այն է, որ Հայաստանն ու Իրանը գազային ոլորտում պարբերաբար բանակցում են:
Նկատեցինք`այս բոլոր ձեւաչափերի մասին խոսվում է տարիներ ի վեր, բանակցություններ էլ այս կամ այն կերպով ընթացել են, բայց արդյունքներ չկան: Արդյո՞ք զուտ քաղաքական չեն պատճառները, քանի որ Իրան-Հայաստան գազատարն ավելի փոքր տրամաչափի խողովակ ունեցավ հենց քաղաքական պատճառով:
Վարդան Ոսկանյանը նկատում է. «Ռուսաստանը Հայաստանում, հատկապես գազային ոլորտում, իր կենսական շահերն ունի եւ բնական է, որ այդ շահերի հետ հաշվի չնստելը մեր կողմից ոչ խելամիտ քայլ կլիներ: Ամենադրական ուղին, որով մեր երկիրը կարող է ընթանալ եւ որով մինչ այժմ ըստ էության ընթացել է այլ ոլորտներում`ոչ թե շահերի հակասությունների վրա խաղալն է, այլ այդ շահերի համադրումն է: Հայաստանը կարող է լուրջ հարթակ դառնալ նաեւ գազային ոլորտում ռուս-իրանական համագործակցության դաշտում»: Ըստ մեր զրուցակցի, անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ Իրանը ենթակառուցվածքներ է ստեղծելու եւ գազ է փորձելու արտահանել: Ամենաապահով, ամենակարճ եւ ամենավստահելի հարթակն այս առումով, ըստ իրանագետի, կարող է լինել Հայաստանը. «Հետեւաբար, ռուսական կողմի մասնակցությունն այս գործընթացներին կարող է լինել չափազանց արդյունավետ: Եթե դու որեւէ խնդրի չես կարողանում ըստ էության խոչընդոտել, իսկ Իրանն այդ գազը արտահանելու է Եվրոպա`լինի դա Հայաստանի, թե այլ երկրների տարածքով, ապա ավելի խելամիտ կլինի գործընթացին մասնակցել, նաեւ ինչ-որ չափով կառավարել այն: Կարծում եմ, ռուսական շրջանակներում անպայմանորեն կան խելացի մարդիկ, հակառակը չի կարող լինել, եւ նման ձեւաչափի համագործակցությունը կարող է արդյունավետ լինել բոլոր կողմերի համար, այդ թվում նաեւ Հայաստանի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ