ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում է ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Եվրոպայում և կարծում, որ դա ոգեշնչում է եվրոպացի գործընկերներին ինքնուրույն ավելի մեծ ջանքեր գործադրել ռազմական ոլորտում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք ողջունում ենք Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման ծրագրերը՝ ինչպես անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի տեսքով… Դա խթանիչ գործոն է եվրոպացիների համար՝ անել ավելին»,- ասել է Սթոլթեբերգը:
Ընդ որում, Սթոլթենբերգը նշել է, որ ԱՄՆ ներկայության ավելացումն իրականացվում է ռազմական ոլորտում եվրոպական երկրների սեփական ջանքերի ավելացմանը զուգահեռ:
Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել էր, որ պատրաստվում է ավելի քան 200 մլն դոլար ծախսել հիմնականում Արևելյան Եվրոպայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ռազմական օբյեկտների մոդեռնիզացման ու վերականգնման վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ