Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել էր «Սինոփսիս» ընկերություն: Այցից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին եւ պատմեց «Տետրիս» խաղային ծրագրի ստեղծման նախապատմությունը: Նա ասաց, որ գիտահետազոտական աշխատանքով էին զբաղվում, պարզվեց, այն մաթեմատիկան, որ իրենք մշակել են, հնարավոր է կիրառել ուրիշ ոլորտներում էլ:
Լրագրողները Արմեն Սարգսյանին խնդրեցին գնահատել երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, երբ ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին: Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ իրավիճակին ծանոթ չէ, երեկ Գյումրիում է եղել եւ ամբողջությամբ տրվել այդ քաղաքի ցավերին, հաջողություններին, պատմությանը. «Երբեք չեմ կարող մոռանալ, երբ եկեղեցում ինձ մոտեցավ մի տարեց մարդ եւ գիտեք ինչ՝ ամենամարդկային ձեւով իր դժվարության մասին պատմեց եւ խնդրեց որ այդ դժվարությունը հաղորդեմ հանրապետության նախագահին, եւ ես պատրաստվում եմ դա անել»: Նա ասաց, որ մոտ օրերին է հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:
Ինչ վերաբերում է ավագանիում ծեծկռտուքին՝ նա միայն ասաց. «Ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ: Ես իմ էությամբ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման տրամաբանության ուղղությամբ: Ցանկացած մարդկային բռնություն վերեւից ներքեւ ինձ համար ընդունելի չէ»:
Հարցին, թե այսքան հանդիպումները ամփոփելով՝ ի՞նչ սպասումներ ունեն ձեզանից մարդիկ, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ սպասումները տարբեր են, կան մարդիկ, որ ուզում են փոփոխություն լինի, կա մի մեծ զանգված, որ չի հավատում փոփոխությանը, մտածում է՝ ով էլ լինի, ոչինչ չի կարողանալու անել. «Սա ինձ համար ամենացավալի երեւույթն է, որովհետեւ փոփոխություն տեղի է ունենում, երբ հասարակությունը, քաղաքացին իրեն քաղաքացի է համարում: Պատճառներն էլ եմ հասկանում, բայց չեմ կարծում, որ դա պատճառ է, որ մարդիկ ասեն՝ ոչինչ հնարավոր չէ անել»: Նա ասաց, որ եթե հետ գնանք 88-89 թիվը, այն երկիրը, որտեղ ապրում էինք՝ ուրիշ երկիր էր՝ հսկայական կայսրություն, հսկայական բանակ, ԿԳԲ, ում մտքով կանցներ, որ այդ երկիրը տարիներ անց կարող է չլինի, բայց եղավ փոփոխություն:
Լրագրողների հետ զրույցի վերջում Արմեն Սարգսյանը մի հարց էլ լրագրողներին ուղղեց՝ «Դուք ինձ հարցնում եք՝ տնտեսական վիճակը դժվար է, աշխատատեղերի հարցը, մենք բոլորս անհանգստացած ենք տնտեսության վիճակով, պատճառներ ենք փնտրում՝ սկսած կոռուպցիայից, մինչեւ մարդկային անտարբերություն: Հարցս ձեզ է ուղղված՝ եթե դուք լինեիք նախագահ, ի՞նչ կանեիք»: Արմեն Սարգսյանը ժամանակ տվեց լրագրողներին՝ մտածել եւ պատասխանել իրեն հաջորդ հանդիպմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ