Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում

Փետրվար 14,2018 13:12

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։ Աջակից կառույցների ցանկում են նաև Հայաստանի զարգացման հիմնադրամը` մարկետինգային և կազմակերպչական աշխատանքների, և ՓՄՁ ԶԱԿ-ը՝ գործարար կապերի հաստատման օժանդակությամբ:

Հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են խոտաբույսերից ու հատապտուղներից թեյեր, մրգերի կորիզներից ստացված յուղեր, չրեր, հյութեր, մեղր, հաճար և պարարտանյութ արտադրող ընկերություններ մեկ միասնական «Օրգանական Հայաստան» տաղավարում:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հաջողություն է մաղթել հայ արտադրողներին. «Եվրոպական միությունը հավատում է գյուղատնտեսության և առավել ևս օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում: Կարծում ենք, որ գյուղատնտեսությունը պետք է հանդես գա որպես Հայաստանի զարգացման շարժիչներից մեկը: Աշխատող բնակչության ավելի քան 30%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ Հայաստանի գյուղական համայնքներում: ԵՄ-ն աջակցել է գյուղական համայնքների մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանը և տնտեսական գործունեության դիվերսիֆիկացմանը: ԵՄ-ֆինանսավորմամբ իրականցվող ՕԳԱՆ ծրագրի շնորհիվ հատկապես ավելացել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների թիվը, արժեշղթաների միջև հիմնվել է կապեր և բարձրացել է ոլորտի մասին իրազեկվածության մակարդակը: Ի լրումն՝ ԵՄ-ն Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, այլ նաև որպես առողջ ապրելակերպի ռազմավարության բաղկացուցիչ մաս, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականությանը»:

«ՕԳԱՆ ծրագիրը հայ ֆերմերներին և արտադրողներին աջակցում է օրգանական արտադրանքի ծավալի մեծացման և արտահանման շուկաներում, հատկապես Եվրոպայում գործարար կապեր հաստատելու գործում։ Անցած տարվա մասնակցությունը շատ արդյունավետ էր. ցուցահանդեսից հետո բուսական յուղեր և հատապտուղների չոր էքստրակտներ արտադրող ընկերությունը կրկնապատկել է արտահանման ծավալները։ Մենք հույս ունենք, որ «BIOFACH»-ում հաջողությունը կոգեշնչի մյուսներին անցնելու բարձրարժեք օրգանական ապրանքների արտադրության և Հայաստանում ձևավորելու կայուն գյուղատնտեսություն»,- նշել է ՕԳԱՆ ծրագրի խմբի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ օրգանական գյուղատնտեսության զարգացումը Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթ ուղղություններից է, ուստի իրականացվում են բազմաթիվ ծրագրեր` ուղղված օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվողներին տեխնիկական, ֆինանսական և խորհրդատվական աջակցություն տրամադրելուն, իրազեկման մակարդակի բարձրացմանը, օրենսդրական բարեփոխումներին, կրթական ծրագրերին, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում ներկայացնելուն:

«Մասնակցությունը նման հեղինակավոր ցուցահանդեսին ևս մեկ հնարավորություն է հայկական օրգանական գյուղմթերքը ներկայացնելու համար։ Նման ցուցահանդեսներին մասնակցությունը նաև կարևորվում է նրանով, որ հայ արտադրողները կարող են ծանոթանալ միջազգային փորձին, ոլորտի նորարարություններին և զարգացումներին։ Գյուղատնտեսության նախարարության կողմից այժմ մշակվում է նոր ծրագիր՝ Կանաչ գյուղատնտեսություն, որի հիմնական թիրախը կլինի օրգանական գյուղատնտեսությունը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։ Մենք վստահ ենք, որ օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում ունի մեծ ներուժ, և կանենք հնարավորն այն ճիշտ օգտագործելու համար»,- նշել է ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը։

«Հայկական օրգանական սննդամթերքը դեռևս մեծ ծավալների չի հասնում, սակայն կառավարությունն ամեն կերպ խթանում է այն։ Եվրոպական ցուցահանդեսին մասնակցությունը մեր արտադրողների համար բարձրորակ արտադրանքով միջազգային ասպարեզում մրցակցելու և նոր պատվերների հնարավորություն է»,- նշել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«ԲԻՈՖԱԽ» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի աշխարհագրությունն ընդգրկում է գլոբալ 7 տնտեսական տարածաշրջաններ։ Էքսպոյին այս տարի 129 երկրից 2,790 ընկերություն է մասնակցում։ Այնտեղ տարեկան ավելի քան 51 000 այցելուներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ ծանոթանում են օրգանական սննդի արտադրության ոլորտի զարգացումներին, գործարար կապեր հաստատում և պայմանագրեր կնքում։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728