Ներքաղաքական զարգացումների եւ մարտի 1-ին ՀԱԿ-ի նախաձեռնած երթի թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին պատրաստվում է 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգության 10-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի երթ իրականացնել՝ ի նշան զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների։ ԵԼՔ դաշինքը կմիանա՞ ՀԱԿ-ի նախաձեռնությանը։
– Մինչեւ մարտի 1-ը դեռ բավական ժամանակ ունենք, իսկ առաջիկայում այդ հարցով խորհրդարանական լսումներ են սպասվում, եւ կարող են այլ զարգացումներ լինել։ Վաղաժամ ենք համարել այդ հարցը քննարկել։ Հիշում եմ, անցած կամ նախանցած տարի մենք՝ ես եւ Նիկոլ Փաշինյանը (ամենաակտիվ մասնակիցներից ենք եղել եւ վերջին մարդիկ ենք եղել, ովքեր հեռացել են հրապարակից. Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբում իմ, հետո Նիկոլ Փաշինյանի միջոցով հանրությանը կոչ արեց տուն գնալ), դիմեցինք ՀԱԿ-ին, որպեսզի մասնակցենք հանրահավաքին եւ ելույթ ունենանք։ Մեզ ասացին, որ ոչ չեք կարող մասնակցել մեր հանրահավաքին եւ ելույթ ունենալ։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, հավանաբար, կքննարկենք մինչեւ մարտի 1-ը եւ տեսակետ կասենք։ Մարտի 1-ը համազգային ողբերգություն է, ողբերգություն է թե՛ ժողովրդավարության առումով, թե՛ առանձին մարդկանց կյանքերի առումով, որտեղ մենք, նախկին ՀԱԿ անդամներս՝ ես եւ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, մեր ջանքերի ներածին չափով ամեն ինչ արել ենք, մասնակցել ենք եւ որեւէ կոմպլեքս չունենք մարտի 1-ի դեպքերի հետ կապված գնահատականներ տալու, տեսակետ հայտնելու։
– Իսկ հնարավո՞ր է, որ ԵԼՔ դաշինքն առանձին նախաձեռնությամբ հանդես գա Մարտի 1-ի դեպքերի 10-րդ տարելիցի կապակցությամբ։
– Միանշանակ ոչինչ բացառել չի կարելի։ Կան տարբերակներ ընդհանուր համահայկական երթ անել, հարգանքի տուրք մատուցեն բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր են, այդ օրերին եղել են հրապարակում, ովքեր գտնում են, որ մարտի 1-ը իշխանությունների կողմից կազմակերպված սպանդ էր՝ օրը ցերեկով, անհամապատասխան ուժի գործադրմամբ՝ Ռոբերտ, Քոչարյանի
կեղծ դիտարկումների վրա հիմնված, այնպես, որ կարող են բոլորը մասնակցել՝ նաեւ ԵԼՔ դաշինքը։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում