«Ես մեղադրում եմ ՀՀԿ-ին բիրտ ուժ կիրառելու համար և միաժամանակ նշում, որ այն գործիքակազմը, որն ընտրել է Երկիր Ծիրանին, մեզ համար խորթ է»,- Երեւանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտնեց իր դիրքորոշումը Երեւանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:
«Մեդիա կենտրոնում» «Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում. քաղաքական գործիչների էթիկան ու վարքը» թեմայով քննարկմանը Դավիթ Խաժակյանը պատմեց, թե նիստը քննարկման փուլում էր, հնչում էր ելույթ, որը կապ չուներ Նուբարաշենի խնդիրների հետ, ու հանկարծ Երկիր Ծիրանիի իրենց գործընկերները, հագնելով բժշկական միջոցներ, վերցրին իրենց ձեռքի տարաները և անցան դահլիճով՝ մոտենալով քաղաքապետին. «Գարշահոտությունը տարածվում էր, և ՀՀԿ խմբակցության շարքերում խուճապ սկսվեց այն մասով, որ անհասկանալի էր՝ մոտենալով քաղաքապետին ինչ են ցանկանում անել: Մի պահ թվում էր՝ իրավիճակը հանդարտվում է. քաղաքապետն իջավ սեղանի մոտից, բայց երբ Երկիր Ծիրանիի անդամը փորձեց այդ տարան մոտեցնել քաղաքապետի սեղանին, այդ ժամանակ իրեն մեկուսացրին այդտեղից, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները կիրառեցին անհամաչափ բիրտ ուժ նրա նկատմամբ: Սկսվեց քաշքշոց, որը վերածվեց ծեծկռտուքի»:
Դավիթ Խաժակյանը հայտնեց՝ այդ միջադեպն իրենց համար տհաճ էր. «Եթե նախկինում լսում էինք ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների կողմից ակնարկներ տեղերից՝ կանոնադրային խախտումներ, այս անգամ դա վերածվեց ֆիզիկական ուժի կիրառման, ինչն անթույլատրելի երևույթ է: Հանդես եկա ելույթով և ասացի, որ մեզ պատասխանատու համարելով՝ հարկ եմ համարում ներողություն խնդրել մեր այն քաղաքացիներից, որ այս ընթացքում մեր ներդրած ջանքերը բավարար չեն եղել կանխելու նման դեպքերը»:
Իրավապաշտպան, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը, հակադարձելով Դավիթ Խաժակյանին, վստահեցրեց՝ որևէ մեկը քաղաքական գործչին չի կարող զրկել ակցիաներ իրականացնելու իրավունքից, այդ գործիքակազմից օգտվում է նաև Ելքը, որը մարդկանց հանում է փողոց, և թանկացումների շուրջ համախմբում հանրային կարծիքն ու փորձում հանրային հուզումներ առաջացել.«Այդ դեպքում զերծ պահեք ձեզ նմանատիպ քայլերից, և ընդհանրապես նմանատիպ ակցիաներ մի կազմակերպեք, եթե համարում եք, որ այդ գործիքակազմը քաղաքական գործում խորթ է: Նմանատիպ քայլի ինչ-որ տեղ դրդել է հասարակությունը, այն մարդիկ, որոնք ապրում են Նուբարաշենում և ամեն օր առնչվում այդ խնդրին: Երբ արդեն որևէ պետական ատյան չի մնացել, որ բարձրաձայնեն, մենք՝ իրավապաշտպաններս, այդ մասին ևս խոսել ենք բազմիցս, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում, որտեղ հաճախ հացադուլավորներն են պահվում, լցվում են կոյուղաջրեր: Մարդիկ՝ անգամ հացադուլի պայմաններում, շատ անգամ ստիպված են լինում շնչել այդ օդը: Կներեք, ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից, և լուծումներ փորձեիք գտնել ու միանայիք այդ հարցը բարձրացնողներին, այլ ոչ դատապարտեիք նրանց՝ այդ բավականին հստակ ձևակերպված ակցիան»:
Իրավապաշտպանը հայտարարեց՝ սա ուղղորդված գործունեություն է նաև կին քաղաքական գործչի նկատմամբ, քանի որ տեղի է ունեցել սեռական ոտնձգություն. «Դա սեփական անձեռնմխելիության խախտումներն են, երբ տղամարդիկ, իրենց անվայել պահելով, ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ են արել քանդել նրա վերնազգեստը: Ե՛վ ֆիզիկական բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ, և՛ դա նաև հանրային նվաստացում է»:
Դավիթ Խաժակյանը պարզաբանեց, թե ինքը նկատի չունի աղբն ու կոյուղաջրերը որպես դիտակտիկ նյութ օգտագործելը. «Այո, խնդիրը պարզապես սարսափելի է: Եթե այդ խնդրով Երկիր Ծիրանիի՝ մեր գործընկերները լոբբինգ անեին նիստերի դահլիճում, այդ խնդիրները լուծում կստանային, քանի որ բազում նման խնդիրներով զբաղվել ենք և լուծում գտել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի