Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հետ
– Սահմանադրությունը փոխելուց առաջ Ձեր թիմը հավաստիացնում էր, թե դա արվում է ավելի ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Նպատակը միահեծան իշխանության կազմաքանդումն էր եւ հակակշիռների վրա հիմնված խորհրդարանական մոդելին անցումը։ Հիմա, երբ իրողություն են նոր Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները, չե՞ք կարծում, որ իրականում հակառակը եղավ, ժողովրդավարության նահանջ ունենք, վերացվեց նախագահի ուղիղ ընտրությունը, կառավարության նիստերը կլինեն փակ եւ շատ այլ բաներ, որոնք վկայում են նահանջի մասին։
– Ե՛վ հարցադրումն է շատ կարեւոր, ե՛ւ, բնականաբար, շեշտադրումն է ինձ համար հասկանալի, որովհետեւ մեզ մոտ արմատական փոփոխություններ են կատարվել, Սահմանադրություն ենք փոխել, օրենքներ եւ երկրի կառավարման համակարգ։ Վստահաբար՝ ցանկացած երկրում էլ նման դեպքում պետք է լինեին այդ կասկածները՝ արդյոք ճիշտ ճանապարհո՞վ ենք գնում, արդյոք այդ փոփոխությունները մեզ դեպի ժողովրդավարությո՞ւն են տանում։ Եթե մեկ բառով պատասխանեմ՝ այո, վստահ՛եմ, սակայն շարունակելով միտքս պետք է ասեմ՝ վստահ եմ, այո, սակայն դրա արդյունքները մեզանից ոչ մեկը հենց հիմա, այս պահին չի զգալու։ Որովհետեւ սա բարդ եւ ժամանակ պահանջող գործընթաց է։ Բոլոր դեպքերում, անձամբ ինձ համար, որպես քաղաքական իշխող ուժի ներկայացուցչի, եւ վստահ եմ՝ նաեւ ողջ կուսակցության համար դա է ցանկությունը։ Իսկ թե կոնկրետ երբ տեսանելի կլինի արդյունքը, դա բոլորովին այլ խնդիր է։
– Օրինակ, կառավարության նիստերը փակելու որոշման մեջ ի՞նչն է ժողովրդավարական, ի՞նչ արդյունք պետք է զգանք դրանից։
– Ես այն լրագրողներից եմ, որն աշխատել է դռնբաց կառավարության նիստերի ժամանակ։ Այսինքն՝ մենք տեսել ենք, ներկա ենք եղել այդ նիստերին։ Երբ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր, ես էի լուսաբանում կառավարության նիստերը։ Գուցե Ձեզ համար այս պահին վիճելի է, բայց ինձ համար հասկանալի է, որ միշտ չէ, երբ նիստերը բաց են, լրագրողների նյութերը դրանից շահում են, եւ միշտ չէ, երբ նիստերը բաց են, կառավարության աշխատանքը դրանից շահում է։ Ես հիշում եմ, երբ Անդրանիկ Մարգարյանը դարձավ վարչապետ եւ որոշում կայացրեց, որ լրագրողներս նիստերին այլեւս չենք հետեւելու, նույն բողոքի ալիքը բարձրացավ լրագրողներիս շրջանում։
Սա բնական է, չորրորդ իշխանության ներկայացուցիչները միշտ էլ ուզում են ամեն ինչ ավելի բաց տեսնել, շատ բնական, ճիշտ ու լավ մղում է, բայց էլի պիտի կրկնեմ, որ բաց լինելուց ո՛չ լրագրողի աշխատանքն է շահում, ո՛չ կառավարության։ Էլի կառավարության աշխատանքները բաց են լինելու, բայց չեմ կարծում, երբ այս կամ այն լրագրողը գրեց, թե վարչապետն ինչ հայացքով նայեց այս կամ այն նախարարին, դրանից նյութը շահելու է։ Ավելին՝ փակ իրավիճակում լրագրողներն ավելի պրպտուն են դառնում, քան բաց։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում