Լրահոս
Օրվա լրահոսը

«Սադրիչ», «բորբոքիչ». բառապաշար, որին արժանացավ Ադրբեջանի ղեկավարը

Փետրվար 14,2018 12:00

Սկիզբը՝ այստեղ

«Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցը նշանավորվեց ոչ միայն Ալիեւի կողմից Երեւանն ու Զանգեզուրը «վերադարձնելու» ելույթով, այլեւ սահմաններում իրավիճակը սրելու փորձով: Փետրվարի 8-ին Արցախի ՊՆ-ն հայտնեց, որ նախորդ օրը ԼՂ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ 20-ամյա զինծառայող Հայկ Քալանթարյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվից Երեւան ժամանեցին: Փետրվարի 8-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց միջնորդներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Ըստ ԱԳՆ-ի՝ համանախագահները տեղեկացրել էին Բաքվում իրենց հանդիպումների մասին։ «Հայաստանի արտգործնախարարն ու համանախագահները քննարկեցին հունվարին Կրակովում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային համաձայնության հետ կապված հարցեր»,- նշված էր ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ «ի տարբերություն համանախագահների ու Հայաստանի՝ Բաքուն այդպես էլ մինչ օրս որեւէ հայտարարություն չի արել այդ համաձայնության վերաբերյալ, եւ թե երբ է պատրաստ այն իրականացնել»։ «Տարօրինակ հիշողություն ունեն Բաքվում. խճճվելով իրենց իսկ հորինած կեղծիքների սարդոստայնում՝ մոռացության են տալիս մեկ ամիս եւ դրանից առաջ ձեռք բերված համաձայնությունները, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, բայց միեւնույն ժամանակ գլխիվայր մեկնաբանություններով վերհիշում են քսանհինգ տարվա վաղեմության այն փաստաթղթերը, որոնց եռանախագահները հայտնի պատճառներով նույնիսկ հղում չեն անում»,- նշել էր Նալբանդյանը։

«Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին ներկայացնելով շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետեւանքով հայ զինվորի սպանությունը, ընդգծեց, որ Բաքվին իրեն բնորոշ սադրիչ գործողություններից հետ չի պահում նույնիսկ եռանախագահների ներկայությունը տարածաշրջանում. դրանով իսկ Ադրբեջանը ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։ Անդրադառնալով Բաքվից հնչող մեկնաբանություններին, թե իբր Ադրբեջանը հետաքրքրված է Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորմամբ, ՀՀ ԱԳ նախարարը նշել էր, որ խոսքերը հարկավոր է ամրապնդել գործերով, իրականացնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդունել որպես բանակցությունների հիմք հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համանախագահների առաջարկությունները եւ առաջ շարժվել դրանց հիման վրա»։

Քանի դեռ Ալիեւն «անուրջների գրկում զառանցում է Երեւանը կամ Զանգեզուրը գրավելու մասին»

Փետրվարի 9-ին համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունեց նախագահ Սերժ Սարգսյանը: Միջնորդները Ս. Սարգսյանին ներկայացրել էին Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: «Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ դրանք եւս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից, ինչպես նաեւ ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին»,- նշվում էր նախագահականի տարածած հաղորդագրությունում։ Այս հանդիպմանը կարեւորվել էր բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաեւ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

Փետրվարի 10-ին համանախագահները Արցախում էին, որտեղ նրանց ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա վերահաստատել էր պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը եւ Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր հարթություններում:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է հանգուցալուծվել միայն մեկ պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական ու անիրատեսական ակնկալիքներից, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին նախագահական նստավայրում հայտարարեց Սերժ Սարգսյանը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի հետ բանակցություններից հետո: «Մինչեւ նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երեւանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որեւէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- ասաց նա` հավելելով, որ բազմիցս հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկությունների ներքո բանակցությունները ինտենսիվացնելու Հայաստանի պատրաստակամության մասին, բայց, ցավոք, դրանք փոխադարձ չեն եղել Ադրբեջանի կողմից: Ըստ էության Ս. Սարգսյանն արձագանքեց Իլհամ Ալիեւի հայտարարությանը:

«ԼՂ հակամարտությունը լուրջ մարտահրավեր է»

Անցյալ շաբաթ Ղարաբաղյան կարգավորմանն անդրադարձել է նաեւ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում նա արձանագրեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մարտահրավեր է: Մոգերինին նշել էր, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում վերսկսված բանակցությունները շատ նշանակալից առաջընթաց էին. «Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում նախագահների մակարդակով հանդիպումների վերսկսումը կարեւոր զարգացում է, եւ մենք կուզենայինք, որ կողմերը հետեւեն իրենց պայմանավորվածություններին բանակցային գործընթացն առավել ինտենսիվ դարձնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ստատուս քվոն, մեր կարծիքով, կայուն չէ: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային նորմերին համապատասխան: Եվ մենք կրկին մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերին ու առաջարկներին»:

Այսպիսով, եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, որ ԵՄ-ն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին եւ կակտիվացնեն բանակցային գործընթացը:

Իսկ Մակրոնը կգնա Արցախ, երբ հակամարտությունը լուծվի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան երկրի ղեկավարի մակարդակով անդրադարձավ ԼՂ խնդրին ավելի վաղ՝ հունվարի վերջին: Փարիզում Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքն էր կայացել, որի հատուկ հյուրն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը եւ Մուրադ Փափազյանը իրենց ելույթներում Մակրոնի ուշադրությունն են հրավիրել Թուրքիայի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա՝ ցանկանալով, որ Ֆրանսիայի նախագահը դատապարտի Թուրքիայի նախագահին փոքրամասնությունների հանդեպ նրա քաղաքականության համար: Խոսելով ԼՂ խնդրի մասին՝ ֆրանսահայ կազմակերպությունը հրավիրել էր Մակրոնին այցելել Արցախ: Մակրոնը, սակայն, անդրադառնալով այս հարցերին, նշել էր, որ պետք է մերժի հրավերը, քանի որ Ղարաբաղ գնալով՝ Ֆրանսիան կկորցնի իր չեզոքությունը: «Ես կարծում եմ՝ ձեր պայքարը կարեւոր է, բայց Ֆրանսիան պետք է կատարի իր դերը Մինսկի խմբում՝ երկու կողմերի հետ բանակցությունների միջոցով գտնելու հակամարտության խաղաղ լուծում, որը հնարավոր է: Ես կգնամ Ղարաբաղ այն ժամանակ, երբ հակամարտությունը կգտնի իր լուծումը»,- նշել էր Ֆրանսիայի նախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկիրը՝ Ռուսաստանը, ՀՀ-ում իր երկրի դեսպանի մակարդակով արձանագրեց, որ Մոսկվան մյուս համանախագահող պետությունների հետ համատեղ է գործում: Tert.am-ի հետ զրույցում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը նշել է օրերս, որ հակամարտությունը կարգավորելու համաձայնության կարող են հասնել միայն Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, անում է ամեն ինչ, որ դրա համար պայմաններ ստեղծի. «Մենք բոլորս լավ գիտենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանատվության ներքո է: Եռանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) շրջանակով է իրականացվում կոնֆլիկտի կարգավորման անմիջական գործընթացը: Համանախագահները կատարում են զուտ միջնորդական աշխատանք, իսկ դա նշանակում է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարող ունենալ հստակ «բաղադրատոմս» այս խնդիրը կարգավորելու համար»:

Համանախագահները սաստեցին Ալիեւին

Փետրվարի 11-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ամփոփեցին տարածաշրջանային այցը՝ ներկայացնելով փետրվարի 7-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ փետրվարի 9-ին Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները: Համանախագահներն ընդգծեցին 2017թ. հոկտեմբերին Ժնեւում, ինչպես նաեւ ավելի վաղ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովում ստանձնած բոլոր հանձնառությունների բարեխիղճ իրագործման անհրաժեշտությունը: Նրանք խորը մտահոգություն հայտնեցին շփման գծում վերջին շրջանում կորուստների կապակցությամբ: Համանախագահները կողմերին կոչ արեցին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել էին Ժնեւում, եւ հարգել հրադադարը: Այնուհետեւ միջնորդները կոչ էին արել կողմերին «զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից»:

Համանախագահները նաեւ վերահաստատեցին իրենց հավատարմությունը՝ աջակցել կողմերին հակամարտությանը գտնելու խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան արձանագրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման սկզբունքների վրա:

Ըստ էության, համանախագահներն առանց կոնկրետացնելու՝ «բորբոքիչ հայտարարություններ» եւ «սադրիչ գործողություններ» արտահայտություններով սաստել են Ալիեւին՝ Երեւանն ու Զանգեզուրը «վերադարձնելու» վերաբերյալ նրա ելույթի, ինչպես նաեւ իրենց այցի օրերին հայ զինվորի սպանության համար:

Ի՞նչ շահեց նախընտրական քարոզարշավ մտած Ալիեւն այս ամենից՝ բարդ է նրա տրամաբանության տեսանկյունից գնահատելը: Բայց մի բան պարզ է՝ բանակցությունները նորմալ հուն չտեղափոխելու հարցում Ալիեւի դերն իսկապես անուրանալի է:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 14.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728