Իսրայելի ոստիկանությունն անհրաժեշտ է համարում մեղադրանք ներկայացնել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ՝ կոռուպցիայի, խաբեբայության և վստահության չարաշահման գործով, հաղորդում է BBC-ն:
Ըստ ոստիկանության՝ քննիչները բավարար ապացույցներ ունեն՝ նրա դեմ կաշառակերության գործով պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար:
Ինքը՝ Նեթանյահուն, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, այդ մեղադրանքներն անվանել է անհիմն՝ հայտարարելով, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Նրա խոսքով՝ այդ մեղադրանքները ոչնչով չեն ավարտվի:
Ինչու՞մ է մեղադրվում Նեթանյահուն
Առաջին դեպքում իբր Նեթանյահուն իսրայելական «Յեդիոտ ահրոնոտ» պարբերականին խնդրել է իսրայելական իշխանությունների գործողությունները լուսաբանել դրական լույսի տալ՝ փոխարենը խոստանալով սանձել թերթի ուղղակի մրցակիցներին:
Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ գործով պետք է մեղադրանք առաջադրել նաև թերթի խմբագիր Արնոն Մոզեսի դեմ:
Երկրորդ դեպքում Նեթանյահուն կասկածվում է նրանում, որ առնվազն մեկ միլիոն շեկելի (ավելի քան 280 հազար դոլար) նվերներ է ստանալ հոլիվուդյան մագնատ և պրոդյուսեր Արնոն Միլչենից և նրա համախոհներից: Այդ նվերների թվում եղել են սիգարներ և շամպայն. նման կերպ Միլչենը «վճարել է» ամերիկյան վիզա ստանալու գործում օգնության դիմաց:
Արնոն Միլչենը հոլիվուդյան բազմաթիվ հայտնի ֆիլմերի պրոդյուսեր է, ինչպիսիք են «Մարտական ակումբը», «Անհետացածը», «Բըրդմենը», «Վերապրածը»: Ըստ ոստիկանության՝ նրա դեմ նույնպես պետք է գործ հարուցել կոռուպցիայի մեղադրանքով:
Ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ նվերներ ստանալուց հետո Նեթանյահուն սկսել է ակտիվորեն առաջ տանել այսպես կոչված «Միլչենի օրենքը», որը 10 տարով հարկերից կազատեր արտասահմանից հայրենիք տեղափոխված իսրայեցիներին:
Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը չընդունվեց ֆինանսների նախարարության միջնորդությամբ:
Բացի այդ, ոստիկանությունը վարչապետին կասկածում է նաև ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերի գործում խարդախության և իր պարտականությունների խախտման մեջ: Անցյալ տարվա դեկտեմբերին իսրայելական Channel 10 հեռուստաալիքը հայտնել էր, որ Փեքերը քննիչներին պատմել է, որ նվերներ է հանձնել վարչապետին և նրա կնոջը՝ Սարային:
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ գործերի շրջանակում Նեթանյահուն ընդհանուր առմամբ հարցաքննվել է մոտ 7 անգամ:
Ի՞նչ է կատարվում հիմա
Արդյո՞ք Նեթանյահուի դեմ մեղադրանք կառաջադրվի՝ վերջնական որոշում պետք է կայացնի Գլխավոր դատախազությունը, իսկ դրա համար կարող է պահանջվել մի քանի ամիս:
Իսրայելի արդարադատության նախարար Աելեդ Շակադը հայտարարել է, որ անգամ պաշտոնապես մեղադրանք առաջ քաշելու դեպքում վարչապետը ստիպված չի լինի հրաժարական տալ:
Ինքը՝ Նեթանյահուն, իսրայելական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխատել է հանուն երկրի բարօրության, իսկ իր դեմ հնչող մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն:
Իսրայելում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են 2019թ. նոյեմբերին: Այս պահին Նեթանյահուն գլխավորում է բավականին ոչ կայուն կոալիցիան, սակայն հարցազրույցի ժամանակ նա վստահորեն ակնարկել է, որ մեղադրանքներն ընտրությունների վրա չեն ազդի:
«Այս տարիներին ես ավելի քան 15 անգամ դարձել եմ հետաքննությունների և քննչական գործողությունների օբյեկտ,- ասել է Նեթանյահուն:- Դրանցից մի քանիսն ավարտվում էին ոստիկանության նույնպիսի սպառանալից խորհուրդներով, ինչպես որ այս անգամ»:
68-ամյա Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է երկրորդ ժամկետով՝ սկսած 2009թ-ից: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաև 1996-1999թթ: Այսպիսով, ընդհանուր առմամբ նա վարչապետ է եղել արդեն 12 տարի:
Այս ընթացքում նրա դեմ բազմիցս մեղադրանքներ են առաջադրվել:
Դեռ առաջին ժամկետով պաշտոնավարության տարիներին՝ 2 տասնամյակ առաջ, ոստիկանությունը խորհուրդ էր տալիս քրեական մեղադրանք առաջադրել Նեթանյահուի և նրա կնոջ դեմ՝ պետության պաշտոնական նվերները յուրացնելու համար: Հետագայում այդ մեղադրանքները հանվեցին:
Իսկ 2015թ. հուլիսին Նեթանյահու զույգին մեղադրում էին նրանում, որ բյուջեից վճարել են իրենց համար աշխատած ընկերության ծառայությունների համար: Այդ մեղադրանքները նույնպես հետագայում հանվեցին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ