Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարագը 1%-ով էժանացել է, կաթնամթերքը, տավարի, գառան եւ ոչխարի միսը` թանկացել

Փետրվար 14,2018 15:00

Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն հրավիրեց` հանրապետությունում արձանագրված առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմացմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Բանն այն էր, որ դեկտեմբերի վերջին եւ նաեւ հունվարի առաջին օրերին մի շարք ապրանքներ շոշափելի թանկացան` առաջացնելով քաղաքացիների վրդովմունքը:
Նախագահը կառավարության պատասխանատուներից պահանջել էր ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետեւանքների մեղմացմանը:

Երեկ, սակայն, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց սպառողական գների ինդեքսը` մեկ ամսվա կտրվածքով: ԱՎԾ-ն համեմատել էր անցյալ տարվա դեկտեմբերի գներն այս տարվա հունվարին արձանագրված գների հետ: Ի դեպ, որոշ ապրանքատեսակների գծով չնչին գնանկում կար, սակայն ԱՎԾ-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ ապրանքներն ինչպես որ թանկացել էին, այդպես էլ մնացել են: Այսպես` առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող կարագը դեկտեմբերի համեմատությամբ այս տարվա հունվարին ընդամենը 1 տոկոսով է էժանացել: Բայց մեկ տարվա ընթացքում կարագը թանկացել է 37,9 տոկոսով:

Հացաբուլկեղենն ու ձավարեղենը 0.2 տոկոսով անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ էժանացել են: Բրինձը, սակայն, 0.3 տոկոսով թանկացել է: Հացը ոչ թանկացել է, ոչ էժանացել, հացի գինը նույնն է մնացել: Մակարոնեղենը 0.7 տոկոսով էժանացել է:

Այս տարվա հունվարին միսը 2 տոկոսով թանկացել է անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ: Սակայն նախորդ տարվա հունվարի համեմատությամբ 13,1 տոկոսով գնաճ է ունեցել: Գառան եւ ոչխարի միսն էլ թանկացել է 0.9 տոկոսով, փոխարենը չնչին` 0.3 տոկոսով էժանացել է խոզի թարմ եւ սառեցրած միսը: Ըստ ԱՎԾ-ի՝ տավարի եւ հորթի միսը անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ այս տարվա հունվարին 4.5 տոկոսով թանկացել է: Նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, սակայն, այս ապրանքատեսակների գնաճը եղել է 21.9 տոկոս:

Թռչնամիսը մեկ ամսվա կտրվածքով էժանացել է 0,6 տոկոսով:

Ձկան եւ ծովամթերքի գները նույնպես աճել են. անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ հունվարին այս ապրանքների գները աճել են 0.6 տոկոսով: Անցյալ տարվա հունվարի համեմատությամբ ձկան եւ ծովամթերքի գնաճը եղել է 25,9 տոկոս:
Առաջին անհրաժեշտության ապրանքներից կաթնամթերքը, պանիրը եւ ձուն դեկտեմբերի համեմատությամբ այս տարվա հունվարին նույնպես թանկացել են 0.5 տոկոսով: Եթե մեկ ամսվա տարբերությամբ թանկացումն այդքան էլ նկատելի չէ, ապա նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս սննդամթերքի գնաճը 7,1 տոկոս է կազմում:
Ձիթապտղի յուղն էժանացել է 0.5 տոկոսով, սակայն անցյալ տարվա հունվարի համեմատությամբ 5,8 տոկոսով թանկացել է: Մրգերը դեկտեմբերի համեմատությամբ հունվարին թանկացել են 10 տոկոսով, սակայն անցյալ տարվա հունվարի համեմատությամբ՝ 9 տոկոսով:

Մեկ ամսվա կտրվածքով բանջարեղենը թանկացել է 34,3 տոկոսով: Կարտոֆիլի դեպքում գնաճը հունվարին դեկտեմբերի համեմատությամբ եղել է 5.5 տոկոս, անցյալ տարվա հունվարի համեմատությամբ կարտոֆիլն այս հունվարին թանկացել է 17,3 տոկոսով:
Շոկոլադը, ըստ ԱՎԾ-ի, մեկ ամսվա կտրվածքով էժանացել է 0,3 տոկոսով, նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, սակայն, շոկոլադը մեկ տոկոսով էլ թանկացել է:
Հրուշակեղենը, սակայն, չի թանկացել, դեկտեմբերին էլ, այս տարվա հունվարին էլ այն նույն գնին է եղել, սակայն անցյալ տարվա հունվարի համեմատությամբ 1 տոկոսով գնաճ է արձանագրել: Պաղպաղակի գները նույնպես նույնն են մնացել: Սուրճը, թեյը, կակաոն 0,2 տոկոսով գնաճ են ունեցել, անցյալ տարվա հունվարի համեմատությամբ, սակայն, 2 տոկոսով թանկացել են: 0,2 տոկոսով անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ էժանացել է հանքային եւ սովորական աղբյուրի ջրեղենը, բայց նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս ապրանքներն էլ 2 տոկոսով թանկացել են: Զովացուցիչ ըմպելիքներն էլ 3 տոկոսով են թանկացել նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, բայց դեկտեմբերի համեմատությամբ 0,2 տոկոսով էժանացել են:

Ալկոհոլային խմիչքների գները թե՛ նախորդ տարվա դեկտեմբերին, թե՛ այս տարվա հունվարին նույնն են մնացել: Սակայն անցյալ տարվա հունվարի համեմատությամբ 1,9 տոկոսով թանկացել են: Գինին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ այս տարվա հունվարին 5,9 տոկոսով գնաճ է ունեցել: Գարեջուրը, սակայն, դեկտեմբերի համեմատությամբ 0,4 տոկոսով գնանկում է արձանագրել: Ծխախոտային արտադրատեսակների գները մեկ ամսվա կտրվածքով նույնն են մնացել, սակայն անցյալ տարվա հունվարի համեմատությամբ այս ապրանքը 6,8 տոկոսով թանկացել է:
Հագուստն այս տարվա հունվարին անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ էժանացել է 2,7 տոկոսով: Ի դեպ, տղամարդկանց հագուստն ավելի շատ է էժանացել, քան կանանցը: Սակայն նախորդ տարվա հունվարի համեմատությամբ 1,9 տոկոս գնաճ է արձանագրել: ԱՎԾ-ի տվյալներով՝ նորածինների հագուստն էլ 4,7 տոկոսով այս տարվա հունվարին էժանացել է անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ: Կոշկեղենը նույնպես մեկ ամսվա համեմատությամբ գնանկում է ունեցել` էժանանալով 4,7 տոկոսով: Կանանց կոշիկներն ավելի շատ են էժանացել:

5,4 տոկոսով էլ էժանացել են երեխաների եւ մանուկների կոշիկները:
Գնաճ է արձանագրվել նաեւ կահույքի մասով, սակայն գնանկում` գորգերի եւ հատակի այլ ծածկերի համար:

Անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ բենզինն այս տարվա հունվարին 5,4 տոկոսով գնաճ է արձանագրել, դիզելային վառելիքն էլ 16,3 տոկոսով է թանկացել: Գազը դեկտեմբերի համեմատությամբ այս տարվա հունվարին 0.3-ից 0.5 տոկոսով է գնաճ ունեցել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

13.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728